ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը «խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացրել» Արցախում

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, որում նա ողջունել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացրել Արցախում։ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ ստորև․

«Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։

Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը»,- ասված է մեկնաբանությունում։

***

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մայիսի 30-ին հայտարարություն էր տարածել՝ ողջունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների նկատմամբ համաներումը քննարկելու հայտարարությունը։

«Ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները (ԼՂ պաշտոնյաների նկատմամբ – խմբ․) համաներում քննարկելու մասին»,- ասված էր հայտարարությունում։

Մայիսի 28-ին Լաչինում Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ Ալիևը նաև նշել է, որ բոլոր ԼՂ նախագահը, նախարարները, պատգամավորները պետք է լքեն իրենց պաշտոնները և «հանձնվեն»․ «Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։

Մեկնաբանել