Ծննդյան օրվա առթիվ Փաշինյանին շնորհավորել են Պուտինը, Լուկաշենկոն և Տոկաևը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։ Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն միավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։

«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։

Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։ Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։

Մեկնաբանել