Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- հայտնում է Թորոսյանը։
Արցախի պաշտպանության բանակը ևս հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։