Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի դեմ. այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է»,- գրված է նամակում:
Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ:
Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև հույս են հայտնում, որ ԱՄՆ ղեկավարությունն առաջ կմղի ժողովրդավարական խաղաղություն հաստատումը, որը հարգում է քրիստոնեության վաղ բնօրրան հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքը: