Ապօրինի որդեգրման հանցախմբի ենթադրյալ անդամները դեռ բարձր պաշտոնների են. հետաքննություն

Տաթև Հովհաննիսյան

Կարլոտա Ինդիանո

Չնայած մեղադրանքներին՝ Հայաստանից Իտալիա ենթադրաբար ապօրինի որդեգրումներ կատարած հանցախմբի անդամները շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել:

ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաներին իտալացի զույգերին վաճառելու մեջ մեղադրվող ապօրինի հանցախմբի ենթադրյալ ղեկավարը, գտնվելով դատավարության փուլում, շարունակում է ներգրավված մնալ միջազգային որդեգրումների գործընթացում, բացահայտել է openDemocracy-ի և irpiMedia-ի՝ ավելի քան մեկ տարի տևած լրագրողական հետաքննությունը։

OpenDemocracy-ի և իտալական IrpiMedia հետաքննական կայքի համատեղ հետաքննությունը պարզել է, որ Անուշ Գարսանցյանը, կարծես, դեռ ներգրավված է որդեգրումների կազմակերպման գործընթացում։

Բացի այդ, նրա տասը համամբաստանյալներից շատերը, այդ թվում՝ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը՝ միջազգային որդեգրումների համար պատասխանատու պետական բարձր պաշտոնյան, և երեխաների պաշտպանության ոլորտի աշխատողներ, շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել առողջապահական համակարգում և կառավարությունում:

Այս ամենը հայտնի է դառնում քրեական գործի հարուցումից չորս տարի անց, ըստ որի՝ 2015-2018 թթ. քսան հայ երեխա է ապօրինի որդեգրվել Իտալիա։ Հետաքննիչների խոսքով՝ նրանք բոլորը ողջ են և ապրում են Իտալիայում:

Տասնմեկ անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ երեխաների առքուվաճառքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար, որի հետևանքով Իտալիան 2021-ի հունիսին սառեցրել է Հայաստանից կատարվող որդեգրումների գործընթացը։

Հետաքննությունը, սակայն, պարզել է, որ անցած տարի Հայաստանից Իտալիա առնվազն երեք որդեգրում է տեղի ունեցել։

Այս բացահայտումները մտահոգում են մարդու իրավունքների պաշտպաններին։ Նրանք անհանգստացած են, որ Հայաստանում կանայք շարունակում են խոցելի մնալ հնարավոր չարաշահումների նկատմամբ, քանի որ միջազգային որդեգրումները Հայաստանից փաստացի չեն սառեցվել, իսկ Գլխավոր դատախազությունը մարտին հայտարարել է, որ քրեական գործի շրջանակում այժմ քննվում են դեպի այլ երկրներ կատարված որդեգրումների ավելի մեծ թվով դեպքեր։

Ազդեցիկ խումբ

Գարսանցյանը մեղադրվում է 2005-ից ի վեր որդեգրումով զբաղվող իտալական գործակալություններից գումար ստանալու և հանցախումբ ղեկավարելու մեջ, որի ենթադրյալ նպատակը խոցելի մայրերին ու երեխայի որդեգրման կարիք ունեցող իտալացի ընտանիքներին թիրախավորելն էր: ՀՀ դատախազությունը, վկայակոչելով մեղադրական եզրակացությունը, նշել է, որ Գարսանցյանը և նրա հանցախումբը ընդհանուր առմամբ 61 երեխա են վաճառել։

Հայաստանի Քննչական կոմիտեն նշում է, որ հանցախումբը մանիպուլյացիայի է ենթարկել ծննդատան հիվանդներին, որ նրանք նորածիններին մանկատուն հանձնեն, որտեղից էլ երեխաները վաճառվել են որդեգրել ցանկացող օտարեկրացի զույգերին:

Քննիչները նշում են, որ հանցախումբը պատճառ է դարձել, որ որոշ երեխաներ ծնվեն առողջական խնդիրներով, որն էլ ավելի հավանական է դարձրել, որ ծնողները նրանց որդեգրման կհանձնեն։ Որոշ դեպքերում օգտագործվել են բժշկական կեղծ փաստաթղթեր և վարչական փաստաթղթեր՝ երեխաներին ներկայացնելով որպես առողջական լուրջ խնդիրներ կամ անխուսափելի հաշմանդամություն ունեցողներ: Քննիչները նաև պնդում են, որ հանցախումբը միջնորդական գործունեություն է իրականացրել Իտալիայի որդեգրման գործակալությունների անունից, ինչն անօրինական է Հայաստանում:

Նշվում է, որ Գարսանցյանը վերահսկել է երեխաների վաճառքից գոյացած շահույթը։ Դատախազությունը պնդում է, որ նա ավելի քան մեկ միլիոն եվրո է վաստակել որդեգրումների գործընթացում իր ստանձնած դերի համար: Նրա փաստաբանը ավելի վաղ նշել էր, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, և որ այդ գումարը «ծախսերի փոխհատուցում է» յոթ տարիների ընթացքում որդեգրումների ոլորտում նրա կատարած աշխատանքի համար։

Ի պատասխան մեր նամակների՝ փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալին ուղղված մեղադրանքը «բացառապես բամբասանք է՝ […] հիմնված որոշ մարդկանց վիրավորական և անպատասխանատու հայտարարությունների վրա»։ «Այս չորս տարիների ընթացքում [քրեական հետաքննություն] իրականացնող մարմինն իմ պաշտպանյալի կողմից առքուվաճառքի որևէ դեպք չի հայտնաբերել»։

«[Նա] բացառապես հանդես է եկել որպես իտալական կազմակերպությունների ներկայացուցիչ՝ հարգելով Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության օրենքներն ու Հաագայի կոնվենցիան»,- հավելել է Գարսանցյանի փաստաբանը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ հանցախմբի ենթադրյալ անդամների թվում են նաև Երևանի մանկատներից մեկի նախկին տնօրենը, ծնունդների գրանցումով և անձնական փաստաթղթերի հաստատումով զբաղվող պետական մարմնի նախկին ղեկավարը, Երևանի ծննդատներից մեկի տնօրենը, փոխտնօրենը և բժիշկներից մեկը, արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Ծննդատան տնօրենը, որը համարվում է Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, և նրա տեղակալը, չնայած առաջադրված մեղադրանքներին, մնում են իրենց պաշտոններին՝ համաձայն հրապարակային տեղեկատվության՝ հաստատված հիվանդանոցի կողմից։ Ծննդատան տնօրենը նախկինում մեղավոր էր ճանաչվել նաև պետական պաշտոնյային կաշառելու մեջ, որ վերջինս ֆինանսավորի իր ղեկավարած ծննդատունը: 2021-ին նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով երկու տարի ժամկետով փորձաշրջան:

Մենք նաև պարզել ենք, որ արդարադատության նախարարության պաշտոնյան, որը պատասխանատու է երեխաների միջազգային որդեգրման և առևանգման համար, շարունակում է մնալ իր պաշտոնին և դեռ 2021-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանը ներկայացնում էր միջազգային ֆորումներում։

Երեխաների պաշտպանության ոլորտի մեկ այլ աշխատող, որը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ, այն է՝ որդեգրման սպասող երեխաների տվյալների շտեմարանի գաղտնիությունը ենթադրաբար խախտելու մեջ, մինչ օրս շարունակում է աշխատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունում որպես գլխավոր մասնագետ։

Որդեգրումները շարունակվում են

Միջազգային որդեգրումներով զբաղվող իտալական հանձնաժողովը (CAI), որը լիցենզավորում է որդեգրման իտալական գործակալություններին և վերահսկում նրանց աշխատանքը, openDemocracy-ին և irpiMedia-ին տեղեկացրել է, որ 2021-ի հունիսին կասեցրել է Հայաստանից նոր որդեգրումների գործընթացը՝ «որպես նախազգուշական միջոցառում»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկու երկրները անցած տարի երեք որդեգրում են իրականացրել՝ հաստատված նաև Հայաստանի և Իտալիայի համապատասխան պետական գերատեսչությունների կողմից մեր լրագրողների հարցմանն ի պատասխան։

Բոլոր երեք որդեգրումները, CAI-ի համաձայն, կազմակերպվել են իտալական գործակալությունների կողմից, այդ թվում՝ երկուսը «Ֆամիլիա Ինսիեմե Օնլուս»-ի, մեկը՝ «Արկոբալենո Օնլուս»-ի կողմից, և մեկնարկել են նախքան մեղադրական եզրակացությունների հրապարակումը: CAI-ը նշել է, որ որդեգրումներն ավարտին են հասցվել միայն այն բանից հետո, երբ ցուցումներ են ստացվել Հայաստանի կառավարությունից, որ CAI-ի գործունեությունը քրեական հետաքննության մաս չի կազմում, ինչը հաստատել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը openDemocracy-ի և irpiMedia-ի հարցմանն ի պատասխան։

Գարսանցյանը «Ֆամիլիա Ինսիեմե Օնլուս»-ի և «Արկոբալենո Օնլուս»-ի հայաստանյան «ներկայացուցիչն» է, վստահեցնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ ներկայացնում է Հայաստանի որդեգրման կենտրոնական մարմինը։ Գարսանցյանի դերն իրավաբանական տեսանկյունից վիճելի է, քանի որ Հայաստանն արգելում է միջազգային որդեգրումներում միջնորդական գործունեությունը։

2020-ին՝ Գարսանցյանի կալանավորումից վեց ամիս անց, «Արկոբալենո Օնլուս»-ը նրան է վերագրել աջակցությունը 200 որդեգրումների գործում։ Հինգ ամիս անց «Ֆամիլիա Ինսիեմե Օնլուս»-ը նույնպես ճանաչել է նրան որպես իր հայաստանյան ներկայացուցիչ:

Որդեգրումով զբաղվող իտալական երրորդ գործակալությունը՝ «Անպաս Ինֆորմա»-ն, 2011-ին նշել է, որ Գարսանցյանն իր «կոնտակտային անձն» է Հայաստանում, և որ նրա «գործն է ուղեկցել իտալական ընտանիքներին որդեգրման գործընթացում»: Գարսանցյանի կալանավորումից հետո «Անպասը» Հայաստանի հետ որևէ որդեգրում չի իրականացրել։

Ապրիլին «Արկոբալենո Օնլուս»-ը openDemocracy-ին և irpiMedia-ին ասել է, որ Գարսանցյանը շարունակում է մնալ իրենց գրանցված աշխատողը, սակայն ակտիվ գործունեություն չի ծավալում։

«Անուշ Գարսանցյանը շարունակում է աշխատել մեզ մոտ, սակայն որոշ ժամանակով անձնական արձակուրդ է վերցրել»,- ասել է «Արկոբալենո Օնլուս»-ի նախագահ Բրունա Ռիզատոն:

«Արկոբալենո»-ն չի պատասխանել openDemocracy-ի և irpiMedia-ի հաջորդական հարցերին: «Ֆամիլիա Ինսիեմե»-ն նույնպես չի արձագանքել։ Սակայն CAI-ը, որը լիցենզավորում է որդեգրումով զբաղվող իտալական բոլոր գործակալություններին, մեզ ասել է, որ թեև «Ֆամիլիա Ինսիեմե Օնլուս»-ը նախկինում օգտվել է Գարսանցյանի ծառայություններից, ներկայում կոնտակտային այլ անձ ունի Հայաստանում։ «Գարսանցյանը «Արկոբալենո»-ի և «Անպաս»-ի կոնտակտային անձն է, այլ ոչ թե «օրինական ներկայացուցիչը»,- հավելել է CAI-ը։

Մյուս կողմից, այս պնդումներին հակասում է ՀՀ արդարադատության նախարարության՝ մայիսի 25-ին openDemocracy-ին և irpiMedia-ին ուղարկած նամակը, որում ասվում է, որ Գարսանցյանն իտալական գործակալությունների «ներկայացուցիչն» է և որ նա դեռ ներգրավված է որդեգրումների կազմակերպման գործընթացում:

«Այսօրվա դրությամբ, Հայաստանի կենտրոնական որդեգրման մարմինը շարունակում է համագործակցել իտալական հավատարմագրված կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանի հետ՝ նրա իրավասության սահմաններում առկա գործունեության շրջանակում»,- ասված է նամակում։

Մենք այս նամակն ուղարկել ենք նաև CAI-ին, որը մեզ հայտնել է, որ Գարսանցյանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ թարմացում է խնդրել ՀՀ արդարադատության նախարարությունից:

CAI-ը նաև ընդգծել է, որ «հանձնարարական է տվել Հայաստանում գործող գործակալություններին՝ ժամանակավորապես դադարեցնել որդեգրումներին առնչվող գործունեությունը, մինչև հետաքննությունը կպարզի իրենց կոնտակտային անձին առաջադրված մեղադրանքի բնույթը»:

Իտալիայում օտարերկրյա երեխա որդեգրել ցանկացող զույգերը պետք է դիմեն CAI-ի նշանակած կազմակերպություններին: Ոչինչ չի ենթադրում, որ երեխաներին որդեգրած իտալական ընտանիքները, CAI-ը կամ որդեգրումը կազմակերպող իտալական գործակալությունները տեղյակ են եղել ենթադրյալ հանցախմբի մասին:

Մանիպուլացնելով մայրերին

Հայաստանում որդեգրման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010-ի որոշմամբ, որն առաջնահերթություն է տալիս երեխաներին Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելուն կամ ազգականների կողմից նրանց որդեգրմանը, իսկ օտարերկրյա որդեգրումը դիտարկվում է որպես վերջին հանգրվան: Մշակութային նախապաշարմունքների պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներին սովորաբար որդեգրում են արտերկրից:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2014-ի զեկույցի՝ հաշմանդամություն ունեցող երեխաները Հայաստանի ամենամարգինալացված խմբերից են: Զեկույցը պարզել է, որ ​​«ընտանիքի աջակցության և համայնքային վերականգնողական ծառայությունների բացակայությունը, ինչպես նաև հասարակության վերաբերմունքը ստիպում է որոշ ընտանիքների իրենց երեխաներին մանկատուն հանձնել»։

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող մի քանի հազար երեխաներ դեռևս մեկուսացված են իրենց ընտանիքներից, հասակակիցներից և համայնքից, քանի որ նախակրթարան կամ դպրոց չեն գնում, վերականգնողական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն և չեն մասնակցում համայնքային միջոցառումներին»,- հավելում է զեկույցը:

Հանցախմբում ներառված բժիշկները ենթադրաբար օգտվել են այդ նախապաշարմունքներից՝ հղիությունն արհեստականորեն ընդհատելու ցանկություն ունեցած կանանց համոզելով շարունակել հղիությունը, այնուհետ ծննդաբերությունը խթանող դեղերով ծննդալուծումներ իրականացրել։ Քննիչները նշում են, որ այս ամենի հետևանքով նորածինները երբեմն ծնվել են բարդացած առողջական խնդիրներով, որն «ապահովել է օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը»:

Որոշ դեպքերում էլ, բուժաշխատողները, ենթադրաբար, ստել են մայրերին՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ, որպեսզի ստիպեն նրանց հրաժարվել երեխայից, ինչպես նաև նպատակ են հետապնդել չեզոքացնել ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը։

2015-2018 թթ. հայ երեխաների միջազգային որդեգրումների թիվը վերջին տարիներին գերազանցել է տեղական որդեգրումների թիվը։ 2015-ին արտերկրում որդեգրվել է 55 երեխա, իսկ Հայաստանում՝ 41, 2016-ին գրանցվել է 40 միջազգային և 35 տեղական որդեգրում։ Նույնը վերաբերում է 2017-ին (29 և 27) և 2018-ին (25 և 23)։

Քրեական գործը հիմնականում ներառում է քսան երեխաների ենթադրյալ վաճառքը, սակայն հարյուրավոր հայ կանայք կարծում են, որ իրենք ապօրինի որդեգրման հանցախմբի զոհ են դարձել: Նրանց գործերը հաճախ չեն ներառվել քրեական գործի շրջանակում այն պատճառով, որ ստորագրել են ծնողական իրավունքներից հրաժարվելու ձևաթուղթը, որը, կանանց պնդմամբ, հուզական ճնշման ներքո է կատարվել։

«Հայոց մայրեր» նախաձեռնությունը սկսել է գործել 2019-ին՝ նպատակով ունենալով օգնելու մայրերին, որոնք կարծում են, որ բժշկական համակարգում անարդարությունների են բախվել՝ սկսած անօրինական որդեգրումներից մինչև բժշկական համակարգում կաշառքի պահանջներ:

Նախաձեռնությունը, որն այսօր ավելի քան 17,000 հետևորդ ունի սոցցանցերում, Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ անցկացվող ցույցերի առաջնագծում էր՝ պահանջելով ձերբակալել ապօրինի որդեգրման գործում ներառված 11 անձի։

openDemocracy-ն չի կարողացել կապ հաստատել ծննդատան հետ և մեկնաբանություն ստանալ, սակայն 2019-ին ծննդատան տնօրենը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հերքել էր իր ղեկավարած ծննդատան մասնակցությունն ապօրինի որդեգրումներին:

«Որդեգրումները որևէ կապ չունեն ծննդօգնության հիմնարկների հետ, այն իրականացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարությունները մանկատան միջոցով։ Եթե հարցեր ունեք, նրանց պետք է դիմեք, իսկ եթե ինձ այլ հարցեր ունեք, մամլո ծառայությանը դիմեք»,- ասել էր նա։

Աչք փակելով արատավոր համակարգի վրա


Մինչ դատավարությունն ընթանում է, 11 մեղադրյալները շարունակում են մնալ ազատության մեջ։ Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարվել է openDemocracy-ին դատական նիստերի ժամանակացույցը տրամադրել, սակայն հրապարակայնորեն հասանելի տեղեկությունների համաձայն՝ վերջին նիստը տեղի է ունեցել մարտի 31-ին դռնփակ։

Մինչ դատավարությունն ընթանում է, քսան հայ ընտանիքները, որոնց երեխաները ենթադրաբար արտերկիր են որդեգրվել հանցախմբի միջնորդությամբ, շարունակում են մնալ հուզական անորոշության մեջ՝ չիմանալով, թե որտեղ են իրենց երեխաները կամ արդյոք կտեսնեն նրանց երբևէ։

Անցած տարի Հայաստանից Իտալիա կատարված երեք որդեգրումների փաստը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները դեռ չեն վերացրել իրավական սողանցքները, որոնց անդրադարձ է կատարվել քրեական գործի շրջանակում: Հայաստանում որդեգրումներով զբաղվող իտալական կազմակերպությունները հավատարմագրված են Իտալիայում և մասնագիտացած են միջազգային որդեգրումների ոլորտում։ Հայաստանի օրենսդրությունը, սակայն, արգելում է երեխաների որդեգրման միջնորդական գործունեությունը։

Հայաստանի Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց «օրինական ներկայացուցիչների» միջոցով, այն է՝ ծնողի, խնամակալի, հոգաբարձուի կամ որդեգրողի, բայց ոչ գործակալությունների ու կազմակերպությունների միջոցով։

Թեև անցած տարի գրանցված որդեգրումների թիվը փոքր է, սակայն փաստն անհանգստացնում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպաններին։ Նրանք նշում են, որ անկախ դատավարության արդյունքից՝ որդեգրումներին վերաբերող օրենսդրությունը խստացման կարիք ունի։

«Օրենսդրական փոփոխությունների բացակայությունը նշանակում է, որ մեխանիզմները, որոնք հանգեցրել են ապօրինի որդեգրումների կատարմանը, շարունակում են գործել»,- զգուշացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնյա Մուշեղ Հովսեփյանը: «Այս ամենը դուռը բաց է թողնում հետագա նմանատիպ չարաշահումների համար»,- ասել է նա:

Հստակ գործողությունների բացակայությունն առավել մտահոգիչ է դառնում Գլխավոր դատախազության՝ մարտին կատարած հայտարարության ֆոնին, ըստ որի՝ առնվազն 437 հայ նորածին է վաճառվել առնվազն 25,000 եվրոյով։ ​​Երեխաները որդեգրվել են ինչպես օտարազգիների, այնպես էլ օտար երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում բնակվող ազգությամբ հայերի կողմից։

Որդեգրումը կարգավորող պետական օրենսդրությունը 2016-ից ի վեր որևէ հիմնարար փոփոխության չի ենթարկվել, թեև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կոչ էր արել ստեղծել որդեգրման գործընթացի վերանայման կենտրոնացված համակարգ և «սահմանել որդեգրող ծնողների ընտրության հստակ չափորոշիչներ և ընթացակարգեր, որոնք հիմնված չեն լինի միայն նրանց նյութական վիճակի վրա»։

2016-ին համանման մտահոգություն էր հայտնել ՄԱԿ-ի այն ժամանակվա հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն, որն այժմ ղեկավարում է Child Identity Protection միջազգային կազմակերպությունը:

Արձագանքելով մեր բացահայտումներին՝ Դե Բյոր-Բուքիքիոն հորդորել է Հայաստանին և Իտալիային կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները և «հուսալի մեխանիզմներ գործարկել»՝ արձագանքելու ապօրինի որդեգրումների վերաբերյալ ցանկացած մեղադրանքի:

Այդ մեխանիզմները, փորձագետի խոսքով, ներառում են «արդարադատության լիարժեք հասանելիությունը» և «հետագա որոշումների կայացման ժամանակ երեխաների լավագույն շահերը որպես առաջնահերթություն սահմանելն ու ապահովելը»:

«Գործնականում դա կարող է հանգեցնել երեխաների՝ իրենց ծագման երկիր վերադարձին և նրանց ինքնության արագ վերականգնմանը»,- հավելել է դե Բյոր-Բուքիքիոն։

Երեխաների իրավունքների պաշտպանները նաև նշում են, որ պետությունն ականջալուր չի եղել այս նախազգուշացումներին և փոխարենն աչք է փակել «արատավոր համակարգի» խնդիրների վրա: Հովսեփյանը Հայաստանում երեխաների որդեգրման կարգավորումներն «ընդհանուր առմամբ ոչ ադեկվատ» է որակել։

«Պետությունը պետք է երաշխավորի, որ այլ երկրում որդեգրվող երեխան օգտվի այնպիսի պաշտպանությունից ու ստանդարտներից, որոնք համարժեք են ներպետական որդեգրման դեպքում գործող պաշտպանությանը և չափանիշներին»,- հավելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը։

Հետաքննությանն աջակցել են Տիցիանո Ֆերին և Տաթևիկ Ճուղուրյանը

Read the article in English: Armenians accused of selling babies still work in hospitals and government

Մեկնաբանել