Չինաստանը $3,5 մլրդ-ի 50 Airbus է գնում

Չինաստանը ստորագրել է $3,5 մլրդ-ի 50 A-320 Airbus-երի գնման գործարք։ Եվրոպական Airbus կոնցեռնի հետ համաձայնագիրը մեկն է կոմերցիոն պայամնավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Չինաստան երկօրյա այցի ընթացքում, հաղորդում է BBC-ն։

Ըստ «Սինհուա» գործակալության՝ ստորագրվել է նաև համաձայնագիր Չինաստանում ինքնաթիռների հավաքման մասին։

Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի Եվրամիության երկրներում ներդրումների քաղաքականությունը։

Վեճ էմիսիաների պատճառով

Այս համաձայնագիրն առաջին մեծ գործարքն էր՝ կնքված Airbus կոնցեռնի և Չինաստանի միջև այն բանից հետո, երբ Եվրամիության ու Չինաստանի միջև ծագեց վեճ՝ կապված ջերմոցային գազերի քվոտաների առևտրի եվրոպական սխեմայի հետ։

Այս տարվա հունվարի 1-ից այդ սխեմայի շրջանակում սկսվել է ավիաընկերություններից հատուկ վճարի գանձում ջերմոցային գազերի էմիսիայի պատճառով։

Չինաստանն ու մի շարք այլ երկրներ վստահեցնում են, որ այդ համակարգն արդարացի չէ, քանի որ վճարները գանձվում են ոչ թե եվրոպական օդային տարածքով թռչելու, այլ ամբողջ թռիչքի համար։

Airbus-ի սեփականատեր ընկերության՝ EADS-ի ղեկավար Լուի Գալուան մարտին հայտարարել էր, որ պատասխան միջոցառումներ է ակնկալում Չինաստանի կողմից։

Գալուայի խոսքով՝ Պեկինը չինական ավիաընկերություններին արգելում է գնել Airbus-ի արտադրանքը։ Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ որևէ կերպ չմեկնաբանեցին այս պնդումը։

Նոր գործարքներ

Անգելա Մերկելն այս տարի արդեն երկրորդ անգամ է այցելում Չինաստան․ նա ձգտում է բարելավել հարաբերությունները Պեկինի հետ և եվրոպական ընկերությունների համար ապահովել չինական ներդրումներ։

Նրան ուղեկցում է խոշոր պատվիրակություն, որի կազմում են մի շարք նախարարներ և գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարներ։

Անցյալ տարի Գերմանիայի ու Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը հասել է $180 մլրդ-ի, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է հնգամյա վաղեմության ցուցանիշը։

Այսօր Պեկինում ստորագրվել է ևս 10 երկկողմ համաձայնագիր հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության ու ծովային տրանսպորտի ոլորտներում։

Մեկնաբանել