Ծեծե՛ք, պարոնայք, ձեզ կարելի է

Մեկ տարի առաջ հղի կինը անգիտակից վիճակում պառկած էր Երևանի Լեո – Պարոնյան խաչմերուկի մի հատվածում․ նրան վթարի էր ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան առջևի ոստիկանական մեքենան ու գնացել։ Մեկ տարի անց (չ)բարեփոխված ոստիկանությունը կրկին հիշեցնում է իր մասին․ այս անգամ անչափահաս տղային հյուրանոցներից մեկում ծեծում էր Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը։

Այս ընթացքում եղան նաև «մանր-մունր» հանցագործություններ, բայց այս երկուսը չբարեփոխման սկիզբն ու շարունակությունն էին։

Ընդամենը երկու տարի առաջ էր կառավարությունը ամրագրել ու սևով սպիտակի վրա գրել իր ծրագրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը: Այս երկու տարիներին դեռ միայն շեղվում են։

2023-ին, ի դեպ, ուժի մեջ մտավ Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը։ Այն վերաբերում է 24 տարեկան հասակում Վահան Խալաֆյանի մահվանը՝ ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ընթացքում։ Եթե 13 տարի առաջ ոստիկանները ճաղերի հետևում՝ ոստիկանական խցում էին ծեծում ու մահվան հասցնում ՀՀ քաղաքացուն, ապա հիմա հանրային վայրում՝ տեսախցիների առջև։ Միայն պետք է գոհունակություն հայտնել, որ մահվան չեն հասցնում։

Ու ինչքան էլ փոխես ոստիկանի համազգեստը, նրա էությունը չի փոխվի, որովհետև համակարգը փոխվելու ցանկություն ու նպատակ չունի՝ զբաղված է բարեփոխման իմիտացիա իրականացնելով, օրինակ՝ մգեցված ապակիների ռեյդով։

Հեռու չգնանք, ոտք դրեք ոստիկանական բաժիններ՝ հասկանալու, որ համակարգը բարեփոխվելու ցանկություն չունի։ Մի ամիս առաջ ինձ էր դիմել մի երիտասարդ՝ դժգոհությամբ, որ իրեն խաբել են, մոլորեցրել ու գողացել համակարգիչը։ Մեկ տարուց ավելի ոստիկանությունը ոչինչ չի անում, թեև գիտի խաբեբայի բոլոր տվյալները։ Նման դեպքեր բազմաթիվ են ու ոչ միայն այս ոլորտում։

Հանցագործությունն ու հանցագործության մեթոդները լոնքերով աճում են, ոստիկանները՝ տեղում դոփում՝ սկսած թմրամոլության՝ վերջացրած կիբերհանցագործությունների բացահայտումից։ Իսկ այդ ընթացքում ոստիկանները կիսագրագետ հայերենով՝ ցուցամատով ստեղնաշարի վրա ցուցմունքներ են լրացնում իրենց սենյակներում։

Քրեականի պետի բազուկների հարվածը խոսում է պետական մյուս ինստիտուտների չգոյության մասին։ Իշխող քաղաքական ուժը լռում է, Մարդու իրավունքների պաշտպանը գլուխ է գովում, որ իրեն հաջողվել է մի անձի դրամական միջոցի արգելանքը հանել, Քննչական կոմիտեն զբաղված է գործը փակելով, քանի որ քրեականի պետը «գործուն զղջացել է»։

Իսկ եթե չլիներ հանրային աղմուկը, այս գործն էլ «կջրվեր»։ Պատահական չէ, որ միայն այդ աղմուկից հետո վերահսկող դատախազը վերացրեց 17-ամյա պատանուն հարվածած քննիչին մեղադրանք չառաջադրելու որոշումը:

Այդպիսին է արդարադատությունը մեր օրերում։ Համակարգերը չեն գործում կամ էլ գործելու իմիտացիայով են զբաղված։

Հ․Գ․

Եթե թիկնապահները քաղաքացու ձեռքերը ոլորում են, իսկ Ազգային ժողովի նախագահը թքում է նրա դեմքին, ու սա մնում է անպատիժ՝ քաղաքական իմաստով, ապա ի՞նչ եք ակնկալում Դիլիջանի քրեականի պետից։