Մոսկվայում մեկնարկել է տարածաշրջանի ապաշրջափակման հարցով աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն՝ Մոսկվայում մեկնարկել են աշխատանքները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ»,- հայտնել է Մատվեևը:
***
տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցերը քննարկվել էին մայիսի 25-ին Կրեմլում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում։
Եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան չկարգավորված հարցեր, բայց դրանք «զուտ տեխնիկական բնույթի են»։
«Հարցը տերմինաբանության մեջ է։ Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց, մեր կարծիքով, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով՝ դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել էր Պուտինը։