Կապանում իշխանական թեկնածուն մնաց առանց մրցակցի. հայտարարություն

ՀՅԴ Կապանի Արամ Մանուկյան կոմիտեն հայտարարություն է տարածել, որում անընդունելի է գնահատվում այն նախընտրական մրցապայքարը, որն այսօր առկա է քաղաքում, և նշվում, որ նման մթնոլորտի պահպանման թեպքում ՀՅԴ-ն կոչ կանի կապանցիներին բոյկոտել ընտրությունները:

«Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որևէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները, իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում իրենց ենթակա հիմնարկների աշխատակիցների, գործարարների նկատմամբ:

Կապանի գործող քաղաքապետը, ով ինչպես այս, այնպես էլ նախորդ անգամ մրցապայքարի էր ելել ինքանառաջադրման եղանակով, ցանկություն էր հայտնել վերընտրվել: Արթուր Աթայանին պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՀՅԴ Կապանի Արամ Մանուկյան կոմիտեն: Մեզ համար անընդունելի է տեղական ընտրության կուսակցականացումը` հաշվի առնելով, որ հատկապես փոքր քաղաքներում կրքերի շիկացումը հանգեցնում է ակնհայտ թշնամանքի, 1937թ. հիշեցնող մթնոլորտի:

Գործող քաղաքապետի ընտրապայքարից հարկադրական հրաժարումը և ԶԼՄ-ներով նրա տարածած հայտարարությունը բացահայտում են Կապանում տեղի ունեցողի ողջ անօրինականությունը:

Արդյունքում իշխանական-հանրապետական թեկնածուն մնացել է առանց մրցակցի: Ելնելով Կապանում ստեղծված վիճակից` ՀՅԴ Կապանի Արամ Մանուկյան կոմիտեն դիմում է հանրապետության ղեկավարությանը` պահանջելով վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը: Առաջարկում ենք` անվավեր ճանաչել այս ընտրությունը, պատժել բոլոր այն պաշտոնյա-պատասխանատուներին, ում ջանքերով հերթական կոչված ընտրությունը վերածվեց ֆարսի:

Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են: Պահանջում ենք քաղաքական և իրավական գնահատական տալ կատարվածին: Եթե «ընտրություն» կոչված այս ներկայացումը, այնուամենայնիվ, կայանա, կապանցիներին կոչ ենք անելու բոյկոտել և մասնակից չդառնալ այդ խայտառակությանը:

Մեկնաբանել