Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Մայիսի 18-ին քննչական կոմիտեն հաղորդել էր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Գործով մեղադրյալ էր ներգրավվել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։

«Մայիսի 17-ին ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել»,- հայտնել էր ՔԿ-ն։

Մայիսի 20-ին դատարանի որոշմամբ վարչապետ որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվել էր։

Մեկնաբանել