Մենք իրավունք չունենք որոշելու ԼՂ կարգավիճակը․ Միրզոյան

Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի վերաբերյալ բանակցելու, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը։ Այդ մասին ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

«Մենք այդպիսի հավակնություն չենք էլ ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ ժողովրդի, նրանց ապագայի համար»,- ասաց Միրզոյանը։

Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Մեկնաբանել