Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Վաշինգտոնում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին, այլ մանրամասներ ԱԳՆ կողմից լրացուցիչ կտեղեկացվեն»,- տեղեկացրել է Բադալյանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել նաև մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։ Միրզոյանի ու Բայրամովի միջև ևս մեկ հանդիպում էր կայացել նաև մայիսի 19-ին Մոսկվայում։