Ըստ դատարանի` ԿԳՆ-ի բացահայտած «խախտումների» վաղեմության ժամկետն անց է

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Ափինյանի նախագահությամբ շարունակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր պրոֆ. Սուրեն Զոլյանի հայցադիմումի հիման վրա նշանակված նախնական դատական նիստը:

Ըստ lragir.am-ի` Ս.Զոլյանի փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը դատարանին ներկայացրել է այն բազմաթիվ հրամանները` համաձայն որոնց ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր բացակայությունների ընթացքում ռեկտորի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրել է պրոռեկտորներից մեկի վրա:

ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները` որպես պատասխանող կողմ, ներկայացրել են ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ-ում ստուգումներ իրականացնելու նպատակով ձևավորված հանձնաժողովի գործունեության արդյունքում կազմված ակտը: Փորձել են ապացուցել, թե ԵՊԼՀ-ի կողմից կրկնակի անգամ թուլյ են տրվել օրենքի խախտումներ`դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ ԿԳՆ-ի «բացահայտած լուրջ խախտումների» վաղեմության ժամկետն անցած է` այն է 6 /վեց/ ամիս, ինչի համար համալսարանը, հանձինս ղեկավարության, պատասխանատվություն չի կրում: Ավելին, դատավորը պատասխանող կողմից փորձեց պարզել, թե ինչն է հաշվի առնվել, երբ Սուրեն Զոլյանին անմիջապես հայտարարել են խիստ նկատողություն, այնինչ նման դեպքերում «խիստ նկատողություն» կարող էր հայտարարվել միայն «նկատողություն» տալուց հետո: Սակայն, ԿԳՆ ներկայացուցիչների կողմից չի ներկայացվել ոչ մի հիմնավորում ու չի հնչել և ոչ մի սպառիչ պատասխան:

Իսկ դատավորի այն հարցին, թե մեղադրող կողմը համաձա՞յն է ԿԳՆ ստուգումների արդյունքում կազմված ակտի երկրորդ կետի հետ, թե իբր ԵՊԼՀ-ն խախտել է ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը`այն է, որ Ս. Զոլյանը 2011 թ. սեպտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքի համապատասխան բազային կրթություն չունեցող մասնագետի, Սուրեն Զոլյանը չի համաձայնել`պարզաբանելով, որ տվյալ մասնագետը ՀՊՄՀ շրջանավարտ է, 2003-2008 հոգեբանության ամբիոնի հայցորդ և ունի 18 տարվա աշխատանքային փորձ, իսկ ամբիոնի վարիչի առաջադրմամբ վերջինիս ընդունել են աշխատանքի պայմանագրային հիմունքով:

Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին, որի ընթացքում պատասխանող կողմը պետք է ներկայացնի ՀՀ ԿԳՆ նախարարության և ԵՊԼՀ կանոնադրությունները:

Մեկնաբանել