Այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է, հայտարարել է շրջակա միջավայրի նախարարը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է։

«Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային պաշարի վիճակը լավ չի, պարտավորված ենք Սևանա լճից ջուր բաց թողել ոռոգման համար։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Սկսած այն բանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ պետք է ենթադրի և վերջացրած նրանից, թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման համար։ Այս ուղղությամբ նույնպես ՏԿԵՆ-ի հետ աշխատում ենք, որպեսզի Սևանա լճի վրա ճնշումը քիչ լինի, ոռոգման նպատակով որքան հնարավոր է Սևանա լճից քիչ բաց թողենք։ Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, այս տարի էլ Սևանը, երևի, կկանաչի»,- հունիսի 6-ին ասել է Սիմիդյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։