Եկեք հարցնենք` ինչպե՞ս են աշխատում գիտնականները: Նրանք գործածում են գիտական մեթոդը: Դա նշանակում է հետևյալը.
- ձևավորել հիպոթեզ/տեսություն,
- հավաքել տվյալներ,
- ստուգել տեսությունը`
- եթե այն համապատասխանում է տվայլներին, ապա ժամանակավորապես դիտարկել որպես ընդունելի,
- եթե այն չի համապատասխանում տվյալներին, ապա կա՛մ մերժել տեսությունը, կա՛մ էլ փոփոխել այնպես, որ համապատասխանի տվյալներին:
Սա ճշմարիտ է և՛ ճշգրիտ, և՛ ոչ ճշգրիտ (հասարակագիտական, պատմագիտական և այլ) գիտությունների համար: Օրինակներ՝ ֆիզիկոսը փորձում է իմանալ ճշմարտությունը էլեմենտար մասնիկների փոխազդեցությունների մասին; պատմաբանը փորձում է հասկանալ ճշմարտությունը կոնկրետ պատմական իարդարձության մասին: Հաճելի, թե տհաճ, կարևոր չէ: Կարևոր է միայն, որ դա ճշմարտությունն է:
Անգլերեն սա համառոտ անվանում են` fit your theory to data: Տեսությունդ համաձայնեցրու տվյալներին, որովհետև տվյալներն են պարունակում ճշմարտությունը:
Կեղծ-գիտությունը աշխատում է ուղիղ հակառակ ձևով.
– ընդունել ինչ-որ հիպոթեզ/տեսություն որպես բացարձակ ճշմարտություն,
– միայն դիտարկել այն տվյալները, որոնք համապատասանում են ի սկզբանե քո ընդունած «ճշմարտությանը»։
Երբ կեղծ-գիտնականը հանդիպում է տվյալների, որոնք ակնհայտորեն հակասում են իր «տեսությանը», ապա նա մի քանի բան է անում՝ որտեղ կարելի է, անտեսում է այդ տվյալները; երբ իրեն առերեսում են այդ տվյալներին, նա պնդում է, որ դրանք «կեղծ» են կամ էլ «բացառություններ» են:
Սրան ասում են` fit data to theory: Տվյալները հարմարեցնել «տեսությանը»:
Իսկական գիտնականի նպատակը ճշմարտությունն է:
Կեղծ գիտնականի նպատակը իր դավանած «ճշմարտությունը» ամեն գնով «ապացուցելն» է:
Կեղծ գիտնականն ընդամենը խարդախ է, որը գիտական ատրիբուտների շղարշի տակ փորձում է առաջ տանել իր «ճշմարտությունը»: Ուրիշ բառ չկա այս երևույթը նկարագրելու համար: Եվ, ցավոք, Հայաստանում որոշ պատմաբաններ և հասարակագետներ (բայց ո՛չ բոլորը, սա պետք է ընդգծել) զբաղվում են ահա այսպիսի կեղծ գիտությամբ: Նրանք ընդունում են ինչ-որ դոգմա, և իրենց գործունեությունը նվիրում այդ դոգման «ապացուցելու» աշխատանքին: Իսկ թե ինչու են ընտրում այդ ճանապարհը, դա արդեն ինքնըստինքյան շատ հետաքրքիր (իրական) հասարակագիտական ուսումնասիրության թեմա է:
