Հունիսի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
«Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: Նախարարն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը: Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
***
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հունիսի 12-ին հանդիպելու են Վաշինգտոնում։ Միրզոյանը և Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել նաև մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։ Միրզոյանի ու Բայրամովի միջև ևս մեկ հանդիպում էր կայացել նաև մայիսի 19-ին Մոսկվայում։