ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում

Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում, հաղորդում է Հայաստանում ԵՄ առաքելության կայքը:

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ առաքելության ներկայության առաջին 3 ամիսներին իրականացվել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից:

«Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ հանգույցներ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք կարողությունների»,- ասել է նա։

Ռիտերը հավելել է, որ իրենց նպատակն է նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը․ «Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»,- նշել է առաքելության ղեկավարը։

Մեկնաբանել