Հուլիսին պարենամթերքը թանկացել է 10%-ով. ՀԲ

Այս տարվա հուլիսին պարենամթերքի համաշխարհային գներն անցած տարվա հուլիսի համեմատ բարձրացել են 10%-ով: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկույցում, հաղորդում է BBC-ն: Ըստ ՀԲ-ի՝ սա առավելապես պայման ավորված է ԱՄՆ-ի և Արևելյան Եվրոպայի երաշտով:

Կազմակերպության տվյալների համաձայն՝ եգիպտացորենն ու ցորենը թանկացել են 25%-ով, սոյան՝ 17%-ով, շաքարը՝ 12%-ով:

Թանկացում չի արձանգրել միայն բրինձը, որն անցած տարվա հուլիսի համեմատ էժանացել է 4%-ով:

ՀԲ-ն, այս թանկացումը պատմական համարելով, նշում է, որ այն բացասաբար կազդի միլիոնավոր մարդկանց առողջության և բարեկեցության վրա:

Ըստ բանկի՝ գների բարձրացումից ամենից շատ կտուժեն ցորեն ներկրող երկրները:

Եգիպտացորենի թանկացման հիմնական պատճառը, ըստ ՀԲ-ի, նրա մեծ ծավալներով որպես հումք օգտագործումն է բիովառելիքի արտադրության մեջ:

ՀԲ-ն կոչ է անում կառավարություններին ֆինանսավորել բնակչության այն խմբերին, որոնք համեմատաբար շատ կտուժեն պարենամթերքի թանկացումից:

Մեկնաբանել