Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին առևանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ

Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև հունիսի 16-ը»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 26-ին Ադրբեջանն ապօրինի առևանգել է մարտական հենակետեր սնունդ մատակարարող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարած երկու հայ զինծառայողների ձերբակալության մասին։

Հայկական կողմը հերքել էր դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը և հրապարակել էր միջդիրքային ճանապարհին հրապարակված երկու զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար․ «Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ»։

Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով դիմել էր ՄԻԵԴ և պահանջել միջանկյալ միջոց կիրառել՝ զինծառայողների կյանքի իրավունքն ապահովելու նպատակով, ինչպես նաև տեղեկություն տրամադրել զինծառայողների վերաբերյալ։

Մեկնաբանել