Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանը միավորվելու են։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում։
Ըստ որոշման հիմնավորման՝ վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը:
«Նշված ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո»,- նշված է որոշման հիմնավորումներում։