Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանելով տարածաշրջանի ապաշրջափակման հարցով հանձնաժողովի նիստի արդյունքները՝ ընդգծել է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը: «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում Օվերչուկը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։
«Ընդհանուր առմամբ տեքստը պատրաստ է, միայն երկու-երեք հարցի շուրջ անհամաձայնություն կա, դրանք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Լինելու է սովորական երկաթուղի, ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ բոլոր կողմերը ցանկություն ունեն շուտափույթ սկսել ապաշրջափակման գործընթացը։
Հարցին՝ հնարավոր է, որ սահմանային հսկողությունը իրականացնեն ռուս սահմանապահները, Օվերչուկը պատասխանել է․ «Դա կախված է Հայաստանի Հանրապետությունից»:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում։
Նիստից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ։