Գայանե Հակոբյանը դատապարտվեց ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նա ազատ արձակվեց

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ին արագացված դատական կարգով քննեց ու վճռեց Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչել մեղսագրված հանցանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար։

Դատարանի վճռի համաձայն՝ Գայանե Հակոբյանը դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվանցելով զոհված զինծառայողի մոր կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 11 ամիս ու 8 օր։

Այդուհանդերձ այս պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։

Գայանե Հակոբյանի վրա դրվել է պարտականություն՝ առանց վերահսկողություն ներկայացնող համապատասխան մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դատարանի վճռով վերացվեց Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքն, ու նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Մինչ այդ Գայանե Հակոբյանի փաստաբանները հրաժարվել էին պաշտպանությունից՝ հայտնելով, որ դիրքորոշման փոփոխություն կար իրենց և պաշտպանյալի միջև։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ Գայանե Հակոբյանը ընդունել է մեղադրանքն ու ցանկացել, որ դատաքննությունն ընթանա արագացված կարգով, իսկ փաստաբանները նպատակ ունեին նրան տանել արդարացման։

Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։ Հունիսի 5-ին հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Նույն օրը սկսվել էր բուն դատաքննությունը, որի ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշել էր նրան նորից կալանավորել՝ բավարարելով հանրային մեղադրողի միջնորդությունը։

Մայիսի 18-ին քննչական կոմիտեն հաղորդել էր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Գործով մեղադրյալ էր ներգրավվել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։

Մեկնաբանել