Վրաստանը կարող է կորցնել եվրոպական շանսը․ ԵՄ պաշտոնյան վրդովեցրել է «Վրացական երազանք»-ին

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության բարձրաստիճան դեմքերն անհամաձայնություն են հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորի քննադատությանը, որով նա կասկածի տակ է դրել ԵՄ-ին միանալու Վրաստանի կառավարության հանձնառությունը:

Նրանք արձագանքել են Մարինա Կալյուրանդի քննադատությանը, որը նա հնչեցրել էր հինգշաբթի՝ ԵՄ-Վրաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի 12-րդ նիստը նախագահելիս:

Կալյուրանդն ասել է, որ Վրաստանը հետ է մնում Ուկրաինայից և Մոլդովայից, իսկ թեկնածուի իր կարգավիճակի վերանայման վերաբերյալ ԵՄ-ի ներկայացրած 12 հանձնարարականների կատարումը «թերի է, հատվածական և հաճախ՝ մակերեսային»։ ԵՄ պաշտոնյան զգուշացրել է, որ Վրաստանը կարող է բաց թողնել ԵՄ-ին միանալու «պատմական հնարավորությունը»։

Նույն օրն ավելի ուշ, արձագանքելով ԵՄ պաշտոնյային, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Կալյուրանդին մեղադրել է «իրականությունից կտրված» լինելու մեջ։

«Ես անկեղծորեն կասեմ, որ Կալյուրանդը կարծես խոսում է մեկ այլ երկրի մասին և ամբողջովին կտրված է իրականությունից»,- ասել է Կալաձեն:

«Մի՛ կարծեք, թե դրանք Վրաստանի կառավարության դեմ արված հայտարարություններ են, դրանք այս երկրի դեմ ուղղված հայտարարություններ են»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանի «եվրոպական ապագան» թշնամիներ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նույնպես հակադարձել է։ Դատապարտելով Վրաստանին քննադատող երեք բանաձևերը, որոնք Եվրոպական խորհրդարանը վերջերս է ընդունել, Պապուաշվիլին ասել է, թե «հայելու մեջ նայելու կարիք չկա»։

«Նրանք պետք է ուշադրություն դարձնեն վրաց ժողովրդի դեմ ուղղված ապատեղեկատվությանը և քարոզչությանը, որ կային այս երեք բանաձևերում»,- նշել է նա։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նույնպես քննադատաբար է արձագանքել Կալյուրանդի մեկնաբանություններին՝ նշելով, թե դա «եվրախորհրդարանի մեկ պատգամավորի կարծիք» է։

«Ի վերջո, ես վստահ եմ, որ ԵՄ-ն անպայման կկայացնի որոշում, որը կուրախացնի Վրաստանի […] բոլոր այն քաղաքացիներին, որոնք հավատում են Վրաստանի եվրոպական ապագային»,- ասել է նա։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջատար պատգամավոր Թինա Բոկուչավան ասել է, որ Կալյուրանդի մեկնաբանությունները վկայում են Արևմուտքի հետ կառավարության հարաբերությունների մասին:

«Մինչ այս պահը մեր գործընկերները փակ դռների հետևում էին նման կոշտ հայտարարություններ ու գնահատականներ հնչեցնում,- ասել է նա։- Այժմ նրանք ստիպված են դա անել բացեիբաց, որովհետև տեսնում են, որ Ռուսաստանի կառավարությունը [նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը] արևմտամետ վրաց ժողովրդին զրկում է իր եվրոպական ապագայից»:

«Վստահ եմ, որ կառավարությունը համապատասխան քայլեր չի անի, քանի որ բացահայտ ընտրել է ռուսական ուղին»,- ասել է Բոկուչավան։

Վրաստանը՝ խաչմերուկում

Իր բացման խոսքում Կալյուրանդը նշել է, որ Վրաստանի կառավարությունը «բուռն» և «քաոսային» հարաբերություններ ունի Եվրամիության հետ և հերքել «Վրացական երազանքի» առաջ քաշած դավադրության տեսությունը, թե Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմում Վրաստանին մղում է «երկրորդ ճակատ» բացելուն։

«Եվրախորհրդարանի պատգամավորները, ԵՄ այլ կառույցների գործընկերները և արևմտյան այլ գործընկերները հոգնել են [լսելուց վրացի] պաշտոնյաների և իշխող կուսակցության անդամների պնդումներն այսպես կոչված ջանքերի մասին՝ ուղղված Վրաստանին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գործում ներքաշելուն,- ասել է նա։- Դա ճիշտ չէ, մենք նման բան չենք ցանկանում Վրաստանին և վրաց ժողովրդին»։

Լուսանկարում՝ ԵՄ-Վրաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նախագահ Մարինա Կալյուրանդը:

Նա հայտարարել է, որ Վրաստանը Ուկրաինայից և Մոլդովայից հետ է մնում անկախ դատական համակարգի բացակայության, իշխանությունների կողմից լրագրողների ահաբեկման, արևմտյան դիվանագետների վրա հարձակումների, խաղաղ ցույցերի դեմ «ոստիկանական դաժանության» և Հունգարիայում տեղի ունեցած Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովին (CPAC) վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հոմոֆոբ արտահայտությունների պատճառով։

Նա նաև վկայակոչել է Ռուսաստանի հարցում Վրաստանի «ոչ միանշանակ դիրքորոշումը», այն, որ Վրաստանը հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին և վերականգնել է Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները։

[Կարդացեք նաև «Թբիլիսիում ցույց են արել Ռուսաստանից առաջին ավիաչվերթի դեմ, կան ձերբակալվածներ»]

«Վրաստանն այսօր կանգնած է խաչմերուկում։ Վրաստանի կառավարությունը և իշխող կուսակցությունը պետք է ընտրություն կատարեն երկու ուղիների միջև․ մեկը տանում է դեպի ապագա ԵՄ-ում, իսկ մյուսը՝ դեպի անցյալ։ Ընտրությունը ձերն է»,- ասել է նա։

Մեկնաբանել