Աջարիայի ղեկավարները Բաթումիում «հանդիպել են Կադիրովի հետ կապված գործարարի»

Չեչեն գործարար Ասլանբեկ Ախմետխանովը։ սքրինշոթ Grozny TV-ի կադրից։

Լուիզա Մչեդիշվիլի, OC Media

Վրացական Formula հետուստաընկերությունը հաղորդել է, որ Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն և Բաթումի քաղաքապետ Արչիլ Չիկովանին մայիսի 29-ին հյուրընկալել են Ասլանբեկ Ախեթխանովին Բաթումի Radisson հյուրանոցում տեղի ունեցած մասնավոր երեկույթի ժամանակ:

Աղբյուրները Formula-ին հայտնել են, որ սրահը, որտեղ տեղի է ունեցել երեկույթը, փակ է եղել ողջ գիշեր, և որ հյուրանոցի անձնակազմը, որն աշխատում էր այնտեղ, նախապես է ընտրվել: Աղբյուրներն ասել են, որ մայիսի վերջին տեսել են «լուսանկարներում երևացող մեքենաները», որոնք տարածվել են սոցիալական ցանցերում:

Աղբյուրները, հավանաբար, վկայակոչել են Վրաստանում ռուսական համարանիշներով մեքենաների ավտոշարասյան լուսանկարներն ու տեսանյութերը: Համարանիշերը համապատասխանում էին Ախմետխանովի որդու՝ Ռոխիմ Ախմետխանովի Ինստագրամում հրապարակած լուսանկարներում հայտնաբերված մեքենաներին։

Հաղորդվում է, որ Ռոխիմ Ախեթխանովը նույնպես եղել է նրա հոր խմբի մեջ:

Աջարիայի կառավարությունը հերքել է, որ Ռիժվաձեն հանդիպել է Ախմետխանովի հետ և չեչեն գործարարի այցի մասին տեղեկությունները «սուտ» է անվանել։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կամ Պետական անվտանգության ծառայությունը չեն մեկնաբանել ենթադրյալ այցը։

«Նրանք մտան որպես զբոսաշրջիկներ, փող ծախսեցին ու գնացին».

շքեղ մեքենաների ավտոշարասյան հայտնվելը հակասությունների տեղիք է տվել Վրաստանում։ Սոցիալական ցանցերի օգտատերերը տարածում են այդ մեքենաների լուսանկարները:

«Ազատություն» ռադիոկայանը, ավտոշարասյան՝ նկարներում և տեսանյութերում երևացող համարանիշերը ստուգելով ոստիկանության հանրային բազայի տվյալների հետ, հաղորդել է, որ շքախումբը ստացել է ավելի քան 40 ճանապարհային տուգանք՝ ընդհանուր 2800 դոլարի չափով, որոնցից ամենավաղ տուգանքը արձանագրվել է մայիսի 22-ին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դմիտրի Սամխարաձեն պնդում է, որ չեչեն գործարարը, ենթադրաբար՝ Ախմետխանովը, Վրաստան է այցելել Գրոզնիի նախկին քաղաքապետի հետ:

«Նրանք եկել են որպես զբոսաշրջիկներ, փող ծախսել ու գնացել։ Եվ եթե որևէ խախտում ունենային, ոչ ոք նրանց ներս չէր թողնի»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ չեչեն այցելուներից և ոչ մեկը «օկուպացիայի մասին օրենքը չի խախտել»։ Օրենքը քրեականացնում է Ռուսաստանից Աբխազիա մուտքը։

Հունիսի 4-ին Մտավարի Արխին հայտնել է, որ Ախմետխանովն ու նրա շրջապատը Վրաստանից Թուրքիա են մեկնել։

Ըստ «Կովկասյան հանգույց» լրատվականի՝ «Դև» մականունով Ախմետխանովը կապեր ունի ռուսական հանցավոր աշխարհի հետ և նավթային «Յուգ-Նեֆտ» ընկերության գրանցված սեփականատերն է։

Ըստ լուրերի՝ նա անհետացել է 2020-ի ապրիլին՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի «հրապարակային պարսավանքից» հետո, որը տեսախցիկների առջև նրան կշտամբում էր կանանց շրջապատում գտնվելու, ալկոհոլ օգտագործելու և զենք պահելու համար:

«Մենք ձեզնից այնքան զենք ենք խլել, և դա անհասկանալի է»,- «Կովկասյան հանգույցը» մեջբերում է Ախմետխանովին ուղղված Կադիրովի խոսքերը։- Ես ամեն ինչ գիտեմ. […] ասա այնպես, ինչպես կա: Երդվում եմ Ամենակարող Ղուրանով, կստիպեմ քեզ լիզել հողն ամբողջ Չեչնիայում»:

Մեկնաբանել