Ադրբեջանի ու Նախիջևանի միջև նախատեսվում է վերականգնել առկա հաղորդակցությունները, կառուցել նորերը․ Շահին Մուստաֆաև

Նախատեսվում է վերականգնել առկա տրանսպորտային հաղորդակցությունները և կառուցել նորերը, որոնք կկապեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ․ այս մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Report.az կայքի հետ հարցազրույցում։

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։

Ադրբեջանական կայքին մեկնաբանելով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հարաբերությունների վերականգնման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում տեղի ունեցած բանակցությունները, Մուստաֆաևն ասել է․

«Բանակցությունները վարվում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին ստորագրված Եռակողմ հռչակագրի 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների վաղաժամկետ իրականացման համար։ Խնդիրը շատ պարզ է. նախատեսվում է վերականգնել առկա տրանսպորտային հաղորդակցությունները և կառուցել նորերը, որոնք կկապեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժ»։

Մուստաֆաևն ասել է, որ համաձայն նոյեմբերի 9/10-ի հռչակագրի՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի կազմակերպման հսկողությունը կիրականացնի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայությունը։

Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքին, Ադրբեջանի փոխվարչապետն ասել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասները համաձայնեցնելու համար։

Մեկնաբանել