Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորում է, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանեն Արցախի ինքնորոշման իրավունքը

Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորում է, որ «Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից»։

Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի։ Նիստին զեկույցով է հանդես եկել նաև Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Գերագույն հոգևոր խորհրուրդը խոր մտահոգությամբ արձանագրեց հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։ Կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը»,- նշվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

«Գերագույն հոգևոր խորհրուրդն իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ արձանագրելով նաև, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում»։

Ամենյան Հայոց Հայրապետի հորդորով ու ջանքերով, Մայր Աթոռի աշխարհասփյուռ թեմերի գործուն մասնակցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախին տրամադրվել է 360 տոննա մարդասիրական օգնություն։ Տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական։

Մեկնաբանել