Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պնդումը, թե հունիսի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեպի Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։
«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»,- փոխվարչապետի գրասենյակը հայտնել է Արմենպրեսը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ադրբեջանական Report.az կայքին ասել էր, որ նախատեսվում է վերականգնել առկա տրանսպորտային հաղորդակցությունները և կառուցել նորերը, որոնք կկապեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Նա նաև նշել էր, որ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի կազմակերպման հսկողությունը կիրականացնի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը։