Ֆիոլետովոյում բացվել է «Չայբուշկա» մոլոկանների ժառանգության պահպանման թանգարանը

Հունիսի 8-ին Ֆիոլետովո համայնքում բացվել է «Չայբուշկա» մոլոկանների ժառանգության պահպանման թանգարանը, որը ներկայացնում է մոլոկանների պատմությունը, մշակութային արժեքները և կենսակերպը։

Թանգարանի ստեղծմանն աջակցել են Եվրոպական միությունն ու Գերմանիան՝ ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի միջոցով։

Թանգարանի հիմնադիր Անատոլի Միխայլովը նշում է․ «Ես վաղուց ունեի այս երազանքը։ Միշտ ցանկացել եմ պատմել մեր մշակույթի, մեր սովորույթների մասին։ Բոլորին հրավիրում եմ Ֆիոլետովո գյուղ՝ կտրվելու քաղաքի եռուզեռից, շփվելու մոլոկանների պատմության հետ, վայելելու ամենամաքուր լեռնային օդը, էներգիայով լիցքավորվելու և զգալու բնական մթերքների համը»։

Ֆիոլետովո գյուղը հիմնվել է 1838-1840 թթ։ Մինչև 1936 գյուղը կոչվել է Նիկիտինո։ Գյուղը գտնվում է Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում, Վանաձորից 25 կմ հեռավորության վրա։ Բնակիչները Ցարական Ռուսաստանից աքսորված ռուսական կրոնական շարժման անդամներ են՝ մոլոկաններ։ Խորհրդային շրջանում Հայաստանում եղել է 30 մոլոկանական գյուղ, սակայն հիմա մոլոկաններն ապրում են Ֆիոլետովո գյուղում և, մասամբ, Լեռմոնտովո գյուղում։ Մոլոկաններ կան նաև Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում և հանրապետության այլ փոքր քաղաքներում։

Մեկնաբանել