Ավտովթարի հետևանքով երկու պայմանագրային զինծառայող է մահացել

Վարդավանք-Կապան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Հունիսի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերություն։ Ավելի ուշ բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, վթարի պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։

Մեկնաբանել