Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները։
«Անդրադարձ է կատարվել մասնավորապես Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարներին»,- հայտնում են գործադիր մարմնից։
***
Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ։