Երասխում կառուցվող գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորված երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
«Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- նշված է հաղորդագրությունում։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:
***
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
Երեկ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրկին թիրախավորված կրակ էր վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին, թե իբր գործարանի շահագործումը շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցություն կունենա: ՀՀ-ն արդեն հայտնել է, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները:
Միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ ՀՀ-ի հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանին պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»։