Մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը չպետք է անարձագանք մնա. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն է տարածել Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջան վերադարձի կապակցությամբ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք և վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիևի որոշմանը, ապա այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում և խրախուսվում է հայատյացության և ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա և դատապարտող գնահատականի պետք է արժանանա միջազգային հանրության կողմից»:

Նշենք, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, վերադարձել է Ադրբեջան: Այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Սաֆարովին շնորհվել է ներում: Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնելու լուրը հաստատել է նաև այս երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ բարձր գնահատելով հունգարական կողմի հետ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ 2004թ. ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ընթացող մի դասընթացի ժամանակ հյուրանոցում գիշերը կացնահարել էր նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Մեկնաբանել