Սիրիայի ընդդիմադիր ջոկատներից մեկը հայտարարում է հայկական թաղամասեր մտնելու մտադրության մասին

Սիրիայի ազատ բանակի խմբավորումներից մեկը՝ «Լիուա ալ ֆաթհ»-ը, տեսանյութով հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Սիրիայի ազատ բանակը, որ Հալեպի Բոստան ալ Փաշա թաղամասում է, շուտով մտնելու է հարևան Միդան թաղամասը՝ այսինքն` հայաբնակ Նոր Գյուղը:

«Սիրիան բոլոր կրոնների և հին ցեղերի բնօրրանն է եղել, իսկ Սիրիայի ազատ բանակը սիրիական հասարակության կառուցվածքը համարում է մշակութային հարստություն, որ Աստծու կամքով պիտի կառուցի ապագա Սիրիան»,- տեսանյութում հայտարարում է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը:

«Սիրիայի ազատ բանակը պետք է պահպանի հասարակության կառուցվածքը և ամրապնդի իր հարաբերությունները ժողովրդի տարբեր հատվածների և փոքրամասնությունների հետ: Քրիստոնյաներն ու տարբեր փոքրամասնությունները՝ իրանց սրբություններով, ընտանիքներով և ունեցվածքով, Սիրիայի ազատ բանակի պաշտպանության ներքո են լինելու»,- ասված է հայտարարության մեջ:

Հայատարարությունը կոչ է անում քրիստոնյաներին կանգնել իրենց «հեղափոխական եղբայրների» կողքին, որոնք «երկիրը պաշտպանում են առանց կրոնական կամ էթնիկ խտրականության»:

Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայի ազատ բանակի՝ Հալեպի հրամանատար գնդապետ Աբդուլ Ջաբբար ալ Աքիդը հայտարարել էր, որ իրենք Սիրիայի ժողովրդի բոլոր մասերը դիտում են որպես ազգային մեկ ամբողջություն և «նրանք, որոնք արյունահեղությանը մասնակցություն չեն ունեցել, այս երկրի մի մասն են և վայելում են համահավասար իրավունքներ»: «Մենք զուսպ ազգ ենք և մերժում ենք ծայրահեղությունները, վրեժխնդրությունը և բռնությունները»,- ասել է նա:

Սիրիական «Ալ Խաբար» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ երեկ Հալեպի հայկական թաղամասերում չորս ռումբ է պայթել: Նույն հատվածում բնակող ականատեսի վկայությամբ՝ ռումբերից մեկն ընկել է Վիլլաներ թաղամասի տներից մեկի պատշգամի վրա՝ պատճառելով նյութական վնասներ և հրդեհ, որն անմիջապես մարվել է: Տուժածներ չկան:

Մեկնաբանել