Սաֆարովի արտահանձնումը խոսում է Հայաստանի դիվանագիտության անգործության մասին. քաղաքագետ

«Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթին մեկնաբանել է Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստը: Հիշեցնենք, որ 2004թ. ՆԱՏՕ-ի շրջանակում Բուդապեշտում ընթացող մի վերապատրաստման ընթացքում Սաֆարովը գիշերը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որը քնած է եղել:

-ՀՀ նախագահը Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Ի՞նչ եք կարծում՝ դա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու հե՞տ է կապված: Ի՞նչ կարող է, ըստ Ձեզ, քննարկել և ընդհանրապես անել Ազգային անվտանգության խորհուրդը նման պայմաններում:

-Իրադարձությունների տրամաբանական շարունակությունը ցույց է տալիս, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է քննարկելու Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու հետ կապված հարցը: Սերժ Սարգսյանը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, որը փաստում է, որ այդ արտահանձնման հետ կապված խնդիրը պետք է քննարկվի: Ազգային անվտանգության խորհուրդը ոչ մի բան էլ չի կարող անել, քանի որ 2005 թվականից սկսած՝ այդ նույն անվտանգության խորհուրդը հնարավորություններ ուներ ազդելու Հունգարիայի վրա, իսկ այժմ՝ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում է՝ ազատության մեջ, և Հայաստանը Ադրբեջանի վրա որևէ ձև ազդելու լծակներ չունի:

Ինչպե՞ս կգնահատեք Սաֆարովի արտահանձնման իրողությունը: Արդյոք դա ադրբեջանական դիվանագիտության աշխատանքի՞, թե հայկական դիվանագիտության անգործությա՞ն արդյունքն էր:

Ադրբեջանը, Հունգարիան և Հայաստանը հետապնդում են իրենց շահերը և պայքարում էին, որպեսզի հնարավորինս հաղթանակած դուրս գան շահերի հետապնդման այդ պայքարում: Եվ եթե արդյունքում հաղթանակ է տարել ադրբեջանական կողմը՝ Հունգարիայի աջակցությամբ, հասել է իր նպատակին, իսկ մեր ամբողջ անվտանգության համակարգը չի կարողացել հասնել նրան, որ Սաֆարովը մնա Հունգարիայում, ապա դա խոսում է Հայաստանի դիվանագիտության անգործության մասին:

Մեկնաբանել