Իրանցի թարգմանիչները Մուրսիի ելույթում «Սիրիան» փոխարինել են «Բահրեյնով»

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի՝ երեկ Թեհրանում կայացած ելույթի հեռարձակման ժամանակ արաբերեն-պարսկերենի թարգամանիչը «Սիրիան» փոխարինել է «Բահրեյնով», հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

«Եգիպտոսի հեղափոխությունը դարձավ արաբական գարնան սկիզբը, նրանից հետո հեղափոխություն սկսվեց Լիբիայում, Եմենում և այսօր հեղափոխություն է սպառնում Սիրիայի ճնշող վարչակարգին»,- ասել է Մուրսին իր ելույթում։ Սակայն իրանական հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակման ժամանակ թարգմանիչը «Սիրիայի» փոխարեն ասել է «Բահրեյն»։ Եգիպտոսի նախագահի ելույթն այդ տեսքով տարածվել է իրանական մի շարք պարբերականներում ու լրատվական գործակալություններում։

Թեհրանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգին և դեմ է միջազգային ուժերի ներխուժմանը Սիրիա, սակայն միաժամանակ խիստ քննադատում է Բահրեյնին, որտեղ ճնշվում են շիաների ընդդիմադիր ելույթները։

Իրանական ISNA պետական գործակալությունը, նշում է Le Monde-ը, քչերից մեկն է, որը ներկայացրել է Մուրսիի՝ Սիրիայի կառավարության դեմ ուղղված քննադատական արտահայտությունները։ Այդուհանդերձ, անգամ ISNA-ն չի հրապարակել նախագահի խոսքերը Ասադի «ճնշող վարչակարգի» մասին։

Իրանցիները սոցիալական ցանցերում խիստ քննադատել են գրաքննությունը, որին ենթարկվել է Մուրսիի ելույթը, գրում է Le Monde-ը։

Մուհամադ Մուրսին Թեհրան էր այցելել Չմիավորված երկրների շարժման 16-րդ գագաթաժողովի (օգոստոսի 26-31) շրջանակում։ Սա Եգիպտոսի նախագահի առաջին այցն էր Իրան 1979թ․ իսլամական հեղափոխությունից հետո։

Մեկնաբանել