Հունգարիայի արդարադատության նախարարությունը՝ Սաֆարովի արտահանձման մասին

Ադրբեջանը Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությանը հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի, սակայն հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ, «Արմենպրես»-ի՝ Սաֆարովի արտահանձման մասին հարցմանն ի պատասխան ասել են Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունում:

Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), նշում է, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական և վարչական գործընթացների համաձայն:

«Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»,- նշել են Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունում:

Պատասխանում ասված է, որ ընդունող երկիրը պատիժն իրականացնելու պարագայում պետք է կաշկանդված լինի դատապարտող երկրի վճռի իրավական բնույթով և պատժաչափով:

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին հավաստիացրել է, որ հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել, այնպիսի հանցակազմ է պարունակում, որը, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, դատապարտվում է ցմահ ազատազրկման: Ցմահ դատապարտված անձինք կարող են ազատ արձակվել ամենաքիչը 25 տարի պատիժը կրելուց հետո:

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունում նշում են, թե Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Հիշեցնենք, որ 2004թ. ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ընթացող մի դասընթացի ժամանակ հյուրանոցում գիշերը կացնահարել էր նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ առանց առաջին 30 տարիներին ներման իրավունքի:

Մեկնաբանել