Շառաչուն ապտակ Հայաստանին

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն հասցրել է նրան ներում շնորհել: Փաստացի Հունգարիայից էքստրադիցիա անելուց հետո ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը ազատության մեջ է:

Ադրբեջանական կողմը, Սաֆարովի ազատազրկման պահից սկսած, ինտենսիվ հրապարակային և ստվերային աշխատանքներ էր տանում հունգարական կողմի հետ նրան Ադրբեջան վերադարձնելու համար: Այս փաստը հայտնի էր բոլորին, այդ թվում` ՀՀ իշխանություններին: Ավելին` Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չէր թաքցնում, որ ցանկանում է Սաֆարովին հայրենիք վերադարձնել, այլև արդարացնում, անգամ հերոսացնում էր նրա արարքը:

Ռամիլ Սաֆարովի Բաքվում հայտնվելու հանգամանքը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները կա՛մ շատ վատ են աշխատել, կա՛մ ընդհանրապես չեն աշխատել: Դիվանագիտական խայտառակ տապալման համար պետական գերատեսչություններից հիմնական պատասխանատվությունը պետք է կրեն ԱԳՆ և ԱԱԾ ղեկավարները: Այս գերատեսչությունները պետք է հստակ բացատրություն ներկայացնեն հանրությանը: Նրանք պետք է բացատրեն՝ իմացե՞լ են արդյոք Սաֆարովի էքստրադիցիայի մասին, ե՞րբ են իմացել, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկել այն կանխելու համար (եթե իհարկե ձեռնարկել են): Որ մամուլում Սաֆարովի էքստրադիցիայի լուրի տարածումից մի քանի ժամ հետո որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, վկայում է այն մասին, որ հատկապես ԱԳՆ-ում անակնկալի են եկել և պարզապես ասելիք չունեն: Եթե Սաֆարովի էքստրադիցիայի մասին նրանք վաղօրոք իմացած լինեին, վստահաբար ինքնարդարացնող մի հայտարարություն տարածած կլինեին:

Իսկ եթե Սաֆարովի էքստրադիցիայի մասին հայկական կողմը չի իմացել, դա նշանակում է, որ ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն ընդհանրապես չեն հետաքրքրվել այս գործով և «հանցավոր» անուշադրություն են դրսևորել: Նույնիսկ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչներն են տեղյակ եղել, որ Ադրբեջանը վերջին շրջանում մեծ ջանքեր է գործադրում Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին վերջերս անընդհատ ահազանգում էին հայաստանյան հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Սակայն պատկան ատյաններից որևէ մեկը ուշադրություն չդարձրեց և չարձագանքեց: Եթե անհետևողականությունն ու անգործությունն է եղել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի պատճառը, ապա արդեն իսկ հայոց պատասխանատու պաշտոնյաները պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լինեին:

Իսկ եթե այնուամենայնիվ հայկական կողմը վաղօրոք իմացել է Սաֆարովի էքստրադիցիայի մասին և անաղմուկ աշխատանքներ է տարել այն վիժեցնելու ուղղությամբ, ապա ստացվում է, որ հատկապես ԱԳՆ-ն շատ վատ ու անարդյունավետ է աշխատել: Դառը փորձը ցույց տվեց, որ Հունգարիայի իշախանությունների վրա ստվերային ազդեցություն կարողացան ունենալ Ադրբեջանի իշխանությունները: Այսօր արդեն հունգարական մամուլում տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են 2-3 միլիարդ եվրոյի հունգարական պարտատոմսեր գնել: Իսկ քանի որ Հայաստանը իր ֆինանսական հնարավորություններով և ստվերային ազդեցությամբ չի կարող հակակշռել Ադրբեջանին, անհրաժեշտ էր այս գործով հրապարակային ազդեցության միջոցներ բանեցնել հունգարական իշխանությունների վրա: Այդ միջոցները բազմաթիվ են՝ սկսած հունգարահայ համայնքի մոբիլիզացիայից, վերջացրած միջազգային ատյաններում Հունգարիայի վրա ճնշումներով:

Միջազգային հանրությունը հազիվ թե հասկանար հունգարական իշխանավորների այս քայլը, քանի որ նրանք բացահայտ մարդասպանին վաճառում են ընդգծված ռասիստական մոտեցումներ ունեցող երկրի, որտեղ նրան հայ սպանելու համար ոչ միայն արդարացնում են, այլև ազգային հերոս են սարքում:

Հիմա արդեն բողոքի նոտաներն ու դատապարտող հայտարարությունները որևէ կերպ չեն խաթարելու իր հայրենիքում ազատությունն ու փառքը վայելող Ռամիլ Սաֆարովի անդորրը: Մեզ մնում է միայն հետևություններ անել, որ ապաշնորհ պաշտոնյաների պատճառով հայ ժողովուրդը դիվանագիտական հերթական խայտառակ պարտությունն է կրում:

Մեկնաբանել