Սաֆարովին ներում շնորհելը օրենքի խախտում է. Լ.Ալավերդյան

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը օրենքի խախտում է. այս մասին «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշել է, որ միջազգային կոնվենցիաներով Հունգարիան կարող էր Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն իրեն հանձնված դատապարտյալին կարող էր ներում շնորհել, եթե միայն տվյալ մարդը դատապարտվել էր որոշակի ժամկետով, ինչպես նաև, եթե տվյալ երկրում (Ադրբեջանում) տվյալ հանցանքի համար (սպանության) օրենսգրքով պատիժ չի նախատեսվում: Իսկ ցմահ դատապարտյալի պատժաչափը կարող էր նվազեցնել միայն մինչև 25 տարվա ազատազրկում:

Սաֆարովին ներում շնորհելով` Ալիևը ոտնահարել է իր երկրի սահմանադրությունն ու օրենքները. այսպես է որակել ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: «Իլհամ Ալիևը ոչ մի հրամանագրով չէր կարող ներում շնորհել Սաֆարովին: Այս հրամանագիրը նաև հակադրվում է 2001թ.-ին հաստատված համաներման մասին օրենքին, որով նախատեսվում է ցմահ բանտարկյալներին ներում շնորհելու հարցը քննարկել միայն դատապարտվածների կողմից տաս տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո: Իլհամ Ալիևի հրամանագրում նշվում է, որ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել է 2006թ, ուստի չէր լրացել նրա պատժի կրման տաս տարին: Կասկած չկա, որ սույն նորմատիվ ակտը, որը բացահայտորեն հակադրվում է սահմանադրությանն ու այլ նորմատիվ ակտերին, կդառնա համաշխարհայի լրատվամիջոցների կողմից լայնորեն քննարկվող թեմա` բացասաբար անդրադառնալով Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա»,- գրել է գործակալությունը:

Նշենք, որ արդեն իսկ այս դեպքին են անդրադարձել CBS ամերիկյան հեռուստաալիքը, The Washinston Post-ը, իսկ Associated Press-ը դիտարկել է, որ արտահանձնված դատապարտյալին Ադրբեջանն անմիջապես ներում է շնորհել` խախտելով իր իսկ տված երաշխիքները. պարբերականը հիշեցրել է, որ Հունգարիան որոշում էր կայացրել հանձնել Սաֆարովին միայն Ադրբեջանի արդարադատության նախարարության տված երաշխիքներից հետո` միայն 25 տարի անց ազատ արձակման հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց առաջին երեսուն տարում ներման հնարավորության:

Մեկնաբանել