Այս դեպքն Ադրբեջանում կավելացնի Ալիևի լեգիտիմությունը. քաղաքագետ

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած և Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցուն Ադրբեջանի նախագահի` ներում շնորհելը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով Ալիևի «ներքին քաղաքականությանը միանշանակորեն դրական լիցքեր կհաղորդի, կավելացնի Ալիևի լեգիտիմության չափը, իսկ արտաքին քաղաքականության մեջ հազիվ թե ունենա դրական լուրջ դիվիդենտներ, քանի որ տեսնում ենք` նա ոչ միայն չի հարգում իր միջազգային պայմանավորությունները, այլև չի հարգում իր սեփական քրեական իրավունքի նորմերը». այս մասին քաղաքագետը խոսեց «Արմնյուզ» հեռուստատեսության եթերում:

Ըստ նրա` այս քայլը մեծ քաղաքականության մեջ լուրջ փոփոխությունների չի հանգեցնի, քանի որ «Հունգարիան ԵՄ-ի արտաքին քաղաքականության մեջ երբեք էլ կողմնորոշիչ դեր չի ունեցել»: Առանձնահատուկ ազդեցություն չի սպասվում նաև Հայաստանի հարաբերությունների վրա, քանի որ «Հունգարիայի դիրքորոշումը պասիվ է նաև «Արևելյան գործընկերության» շրջանակներում»:

Այնուամենայնիվ, այս դեպքի շուրջ բուռն քննարկումները, թերևս, դեռ երկար կշարունակվեն: «Սա մի դեպքի քննություն չէ, սա աղմուկ չէ մեկ մարդասպանի շուրջ: Սա երևույթի շուրջ աղմուկ է. և այս երևույթը պետք է ոչ միայն դատապարտել, այլև դիտարկել այնպես, որ կանխարգելվեն համանման դեպքերը` լինի դա Հունգարիայում, լինի դա Հայաստանում` սպայի հետ կապված, թե աշխարհի ցանկացած երկրում` ցանկացած մարդու հետ կապված: Սպանությունները էթնիկ հողի վրա, կրոնական հողի վրա չի կարելի հանդուրժել, չի կարելի ներել ոչ մի դեպքում»:

Դեպքից հետո հայ-ադրբեջանական սահմանային շփման գծում սահմանախախտումների առումով մտահոգություններ, թերևս կանխատեսելի են, և նախագահն իր ելույթի հենց սկզբում նշել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից խստացվել է զգոնության պահպանումը: Բայց Մարկարովը չի կարծում, թե իրենց ոգևորությունը ադրբեջանցիները կփորձեն արտահայտել դիրքերում:

Մեկնաբանել