Այսօր Գիտելիքի օրն է

Այսօր սեպտեմբերի մեկն է` Գիտելիքի տոնը. մեկնարկում է 2012-2013 ուսումնական տարին: Եվ թեպետ օրը շաբաթ է, սակայն տոնական հանդիսություններով աշակերտներին կդիմավորեն բոլոր հանրակրթական դպրոցները: Ժամեր անց զանգը կղողանջի Հայաստանի ավելի քան 1400 դպրոցում: Այն «առաջին զանգ» կլինի շուրջ 37 հազար 5-6 տարեկան աշակերտների համար:

Եվ ինչպես միշտ` տոնական ուրախության մթնոլորտում կանտեսվեն խնդիրները, կմոռացվեն դժվարությունները, ամառվա ամիսներին իրար կարոտած համադասարանցիներն ու մանկավարժները կոգևորվեն դպրության խորհրդով ու ջերմորեն կժպտան: Տարին կսկսվի բարեմաղթանքներով ու նորոգ երազանքներով:

Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր մտածողությամբ գտնելու են իրենց արժանի տեղը մեր հասարակական և քաղաքական կյանքում՝ դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները:

Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, որովհետև նրանց ամնօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի՝ մարդկային ռեսուրսի զարգացումը:

Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին՝ մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերարժևորման տարի:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ»:

Մեկնաբանել