Ամերիկահայերը կոչ են արել Բարաք Օբամային դատապարտել Հունգարիայի քայլը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակներ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սզարապիին` իր բողոքն արտահայտելով մարդասպան Ռամիլ Սաֆարովի «օրենքի կոպիտ խախտումով արտահանձնումի» և ներման առնչությամբ:

Ինչպեստեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից, ԱՄՆ նախագահին ուղղված նամակում ամերիկահայերը նշել են. «Սաֆարովի վերադարձը Բաքու ողջունել են թե նախագահ Իլհամ Ալիևը, թե ադրբեջանական հասարակությունը»: Ամերիկահայերը կոչ են արել Բարաք Օբամային դատապարտել Հունգարիայի քայլը, որն ահաբեկչին հանձնել է Ադրբեջանին, պահանջել, որ Սաֆարովն անհապաղ վերակալանավորվի և կրի դատավճռով նախատեսված պատիժը:

ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպան Գեորգի Սզարապիին ուղղված նամակում ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սառնասրտորեն կացնահարել է: «Ձեր երկրում, թերևս, գիտեին, որ եթե Սաֆարովը վերադարձվի Բաքու, նրան կդիմավորեին որպես հերոս, և ուրեմն Սաֆարովի արտահանձնումով Հունգարիան արդարադատության կոպիտ խախտում է կատարել»,- նշված է նամակում: