Պահն է շուրջ 10մլն հայության համախմբման. Սփյուռքի նախարարություն

ՀՀ Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական և կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներ, հայկական լրատվամիջոցների խմբագիրներ,
Պահն է ազգովի համախմբման, առիթն է արտառոց, քանի որ հերթական անգամ Հայաստանի պետության և հայ ժողովրդի թիկունքում, այն էլ 21-րդ դարում դավ նյութվեց, և Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ենիչերն ազատ արձակվեց:

Ցավով ու վրդովմունքով ընդգծում ենք, որ դավի մի մասնակիցը եվրոպական ընտանիքի անդամ երկրի, իրենց զարգացած ու ժողովրդավարական պետություն համարող հունգարական իշխանություններն են, որոնք գործարքի մեջ մտան Ադրբեջանի հետ և ոտնահարեցին եվրոպական արժեքներն ու օրենքները:
Այս քայլով Հունգարիան ոգևորեց մարդակեր-հրեշներին, խրախուսեց ոճրագործներին, դուռ բացեց կրոնական և էթնիկ հողի վրա մարդասպանություններին և ապացուցեց, որ այսօր հունգարական իշխանությունները արժանի չեն Եվրոպայի հետ քայլելու, եվրոպական ընտանիքի անդամ կոչվելու:

Եվ այս բոլորը տեղի է ունենում Եվրոպայի սրտում ամբողջ մարդկության աչքի առջև:
Ադրբեջանի նախագահն էլ, եվրոպական տարազ հագած, ֆեոդալական հոգեկերտվածքով, հավատարիմ իր տոտալիտար, սուլթանական էությանը, կատարեց հերթական անօրինական գործողությունը և «հրովարտակ» ստորագրելով ոճրագործին ազատություն շնորհեց:

Մենք վստահ ենք, որ աշխարհասփյուռ հայկական համայնքները միասնաբար իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն, իրենց բոլոր կապերը, հնարավոր միջոցները կօգտագործեն.

1. զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպելու տվյալ երկրում գտնվող Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև,
2. պահանջելու իրենց բնակության երկրի իշխանություններից, պառլամենտականներից’

ա) ներազդելու Ադրբեջանի վրա, չեղյալ հայտարարելու ներման խայտառակ հրամանագիրը և հանցագործին վերադարձնելու իրեն արժանի խուցը,
բ) դատապարտելու Հունգարիայի իշխանությունների գործունեությունը և պահանջելու եվրոպական կառույցներից պատժամիջոցների կիրառում Հունգարիայի նկատմամբ,
գ) Եվրախորհրդում պառլամենտականների միջոցով քննարկման առարկա դարձնելու Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը, քանի որ այդ երկրի նախագահի հերթական անօրինական քայլը հարիր չէ եվրոպական օրենքներին, մարդասիրական արժեհամակարգին և ոգուն,

3. ԶԼՄ-երի միջոցով դատապարտելու Հունգարիայի իշխանությունների և Ադրբեջանի նախագահի անօրինական գործարքն ու գործողությունները,
4. դիմելու հունգար ժողովրդի արժանավոր զավակներին, որպեսզի ցույցների, ելույթների, նամակների և այլ ակցիաների միջոցով անհամաձայնություն հայտնեն իրենց իշխանությունների որոշմանը և դատապարտեն այն:

Վիրավորական է, որ հունգարական իշխանությունները ոճրագործին հանձնելիս նույնիսկ չհիշեցին, որ հունգար ժողովրդի կողքին Հունգարիայի անկախության ու ազատության համար իրենց կյանքն են զոհել և հերոսացել հազարավոր հայեր: Կամ մի՞թե անցյալում և այսօր էլ հայկական համայնքն իր արժանի ներդրումը չի ունեցել Հունգարիայի զարգացման գործում:

Պահն է համախմբման: Աշխարհում ապրող շուրջ 10մլն հայությունը միասնաբար իր հուժկու բողոքն ու ցասումը կհայտնի այս աղաղակող անարդարության դեմ: Ով աչք է փակում անօրինականության ու հրեշավոր գազանությունների վրա, մի օր էլ ինքն է հայտնվում զոհի վիճակում»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել