Բաքուն պատասխանեց ԱՄՆ-ին

«Դատապարտված անձնաց պատիժը կրելու համար արտահանձնման կարգը կարգավորվում է Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայով, որը ընդունվել է ԵԽ-ում 1983թ.: Հունգարիան և Ադրբեջանը վավերացրել են այդ կոնվենցիան: Ըստ Կոնվենցիայի, պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դատապարտված անձը կարող է փոխանցվել մյուս պայմանավորվող կողմին կայացված պատիժը կրելու համար: Կոնվենցիան կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դատապարտյալն արդեն կրում է պատիժը: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին որոշում կայացնելիս Հունգարիան, ինչպես նաև Ադրբեջանը, պահպանել են Կոնվենցիայի բոլոր դրույթները: Ադրբեջանական կողմը ներկայացրել է անհրաժեշտ իրավական տեղեկատվություն դատավճռի հետագա իրականացման համար: Ստացված տեղեկատվության հիման վրա հունգարական կողմը համաձայնվել է արտահանձնել Ռամիլ Սաֆարովին:

Ինչ վերաբերում է Սաֆարովին ներում շնորհելուն, ապա պետք է նշել, որ հունգարական դատարանի դատավճիռը պայմանական ազատման ժամկետը սահմանել է դատավճռի կայացումից 30 տարվա ընթացքում: Այդ սահմանափակումը չի տարածվում դատապարտյալին ներում շնորհելու կամ համաներման արդյունքում ազատ արձակելու վրա:

Սաֆարովին ներում է շնորհվել ըստ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության՝ հաշվի առնելով Կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիան նախատեսում է, որ Կողմերից յուրաքանչյուրը կարող է ներում շնորհել, համաներում հայտարարել կամ կրճատել պատիժը ըստ այդ երկրի Սահմանադրության ու իրավական ակտերի:

Ըստ Ադրբեջանի Սահմանադրության, ներման շնորհումը Ադրբեջանի նախագահի բացառիկ իրավունքն է: Ըստ Ադրբեջանի ՔՕ, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հանդեպ ներում կարող է կիրառվել ցմահ բանտարկությունը 25 տարի ազատազրկմամբ փոխարինելով:

Սաֆարովը ազատազրկման մեջ էր 2004թ. փետրվարի 19-ից, այսինքն նա պատիժը կրել է 8,5 տարի: Ներման ակտը պետք է դիտարկել որպես ցմահ ազատազրկման փոխարինում այն պատժաչափով, որը նա արդեն կրել է: Հաշվի առնելով այս ամենը Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել:

Այդպիսով, ինչպես Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը, այնպես էլ դրան հաջորդած նրա ներումը լիովին համահունչ են Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիային ու Ադրբեջանի օրենսդրությանը»:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վիետտորը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան ներելու Ադրբեջանի որոշումը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն մտահոգված է այն հաղորդագրությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհապաղ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից վերդառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնել Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովի վերաբերյալ նրանց որոշման առնչությամբ, որը հակասում է լարվածության նվազեցմանը տարածշրջանում և հաշտեցման հաստատմանը: ԱՄՆ-ն նաև բացատրություններ է ակնկալում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու ներումը: «ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման մասին տեղեկությամբ: Մենք նաև մանրամասն տեղեկատվություն ենք ակնկալում Հունգարիայից Սաֆարովի էքստրադիցիայի մասին»: