«Հայաստանի եվրոպական շարժում»-ը պատվիրակություն չի գործուղի Բաքու

«Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ Շարժումը հրաժարվում է պատվիրակություն գործուղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` նոյեմբերին կայանալիք հանդիպմանը մասնակցելու:

«Այն պետությունում, որտեղ մարդասպանները հերոսացվում են նույնիսկ հասարակության կողմից, մենք անելու ոչինչ չունենք: Բոլորս, իբրև Եվրոպական Շարժման ներկայացուցիչներ, մեզ համար պատիվ ենք համարում լինել եվրոպական արժեքների կրողը և տարածողը, մենք մեր առաքելության կատարման ընթացքում բարձր ենք գնահատում մեր դերը մեր հասարակությունների և պետությունների կյանքում` հանդիսանալով եվրոպական ինտեգրման գործընթացների հիմնական շարժիչ ուժ: ԵՄ և ՆԱՏՕ անդամ պետությունն, ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին, դավաճանեց այդ բոլոր արժեքները, վարկաբեկեց եվրոպական հեղինակությունը և փոխեց արդարադատությունը ձկնկիթի հետ:

Խնդրում և կոչ ենք անում Միջազգային Եվրոպական Շարժման նախագահին հանդես գալ հայտարարությամբ, գնահատական տալ Հունգարիայի իշխանությունների գործունեությանը, կոչ անել Եվրոպայի խորհրդին դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը վերջինին, կոչ անել Եվրոպական Միությանը դադարեցնել Ադրբեջանին տրվող աջակցությունը: Նույնը ակնկալում ենք Հունգարիայի և Ադրբեջանի եվրոպական շարժման գործընկերներից»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ուղղվել է «Միգազգային եվրոպական շարժման» նախագահ Ջո Լայնեին, «Միջազգային եվրոպական շարժման»` Ընդլայնման և հարևանության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Քսենյա Միլենկովիչին, «Հունգարիայի եվրոպական շարժման» նախագահ Նորբերտ Կրոյին և «Ադրբեջանի եվրոպական շարժման» նախագահ Ռամին Հաջիլին:

Մեկնաբանել