Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում` համագործակցություն Չեխիայի հետ

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն օգոստոսի 28-ից 31-ն այցելել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, օգոստոսի 29-ին Պրահայի ՀՀ դեսպանությունում Դեմոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայկ Դեմոյանը և Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:

Ստորագրման արարողությանը նախորդած քննարկումների ընթացքում առաջարկվել են համագործակցության կոնկրետ ծրագրեր:

Հանդիպմանն ու արարողությանը մասնակցել են Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության և հուշահամալիրի աշխատակիցներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Չեխիայում անցկացվող «Ինը դարպաս» փառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանությանը և Մուսալեռան հերոսամարտին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպիչ, «Չարիքի հնէաբանություն» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:

Հանդիպման մասնակիցները ծաղիկներ են դրել Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտել հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները: