Անհեռանկար զբաղմունք է ուրիշներին մեղադրելը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը պատմականորեն հաստատված անհեռանկար զբաղմունք է որակել ուրիշներին մեղադրելը և տարածած հաղորդագրությամբ առաջարկում է կատարել պետականորեն ծրագրված հստակ քայլեր:

«Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան անհապաղ ներում շնորհելու՝ միջազգային իրավունքի առումով աննախադեպ իրողության առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը.

ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրավունք, հումանիզմ, բարոյականություն հասկացությունների վրա: Մեր խնդիրները պարտավոր ենք մենք լուծել, մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել: Ուրիշներին մեղադրելը, ուրիշներից արդարություն հայցելը, հայտարարված միջազգային իրավունքի գործադրում պահանջելը թերևս անհրաժեշտ, բայց մեծ հաշվով անհեռանկար զբաղմունք է: Անկախության վերականգնումից հետո, ցավոք, մենք չենք կարողացել այս օրինաչափությունն ու մտածողությունը պետական հիմքերի վրա դնել:

բ. Որ Ադրբեջանի ազգային հերոսը քնած ժամանակ մարդուն կացնահարած ողորմելին է, իրենց խնդիրն ու դժբախտությունն է:

գ. Որ վերջին տարիններին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ, մեծացնում է ազդեցությունը միջազգային ասպարեզում, իր շահերից ելնելով ինքնուրույն քայլեր է կատարում, իսկ Հայաստանը կորցնում է հաշվառելի գործոն դառնալու կարողականությունը, նույնպես իրականություն է:

դ. Հայաստանի Հանրապետության նախագահի օգոստոսի 31-ի կատարած գործողությունները որքան վճռական, սկզբունքային էին, թերևս նույնքան էլ ուշացած: Ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը, տեղյակ լինելով հնարավոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք:

Մեկնելով այս հաստատումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է.

1. Այդուամենայնիվ, անհրաժեշտ է պետականորեն ծրագրված հստակ քայլեր ձեռնարկել՝ այս պարտության հետևանքները մեղմելու և միջազգային ասպարեզում կորցրածը ետ բերելու նպատակով:

2. Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել:

3. Պահանջում ենք անդրադառնալ միջազգային հանրության պահանջով հայ-թուրքական արձանագրությունները օրակարգի վրա պահելու քաղաքականությանը և ետ կանչել Հայաստանի ստորագրությունը:

4. Մեր գնահատմամբ, ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար Հայաստանում և հայության մեջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում և աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: