Սաֆարովի ազատ արձակումը շրջվելու է Ադրբեջանի դեմ. քաղաքագետ

Սաֆարովի ազատ արձակումը շրջվելու է հենց Ադրբեջանի դեմ. լրագրողների հետ հանդիպմանը այս կարծիքն է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա` եթե մինչև երեկ կարող էր խոսք լինել միայն մեկ մարդու մասին, ով դաժանաբար սպանել էր քնած գործընկերոջը, ապա երեկվանից այդ արարքը վերագրելի է մի ամբողջ երկրի, դրա համար պատասխանատու է այդ պետությունը:

«Ադրբեջանի պետությունը արդարացրել է մարդասպանին: Ադրբեջանի պաշտոնական դեմքերը, իշխող կուսակցության ներկայացուցիչները, պաշտպանության, արդարադատության նախարարությունները դա որպես արդարություն են ներկայացնում: Նման պետության հետ Հայաստանը պետք է համաձայնությա՞ն գա, զիջումների՞ գնա, այս պետությո՞ւնն է մարդկանց ինքնավարություն առաջարկում, որոնց, դատելով ամեն ինչից, ցանկանում են սպանել»,- ասել է Իսկանդարյանը:

Սա, ըստ քաղաքագետի, լուրջ փաստարկ է Հայաստանի ձեռքում ԼՂՀ գործընթացում: «Ես խոսում եմ հենց դիվանագիտության մասին. այս ոլորտում հայկական պետության ձեռքում ևս մի փաստարկ հայտնվեց, որը, անգամ Հայաստանի իշխանություններից անկախ, ապագայում դառնալու է լուրջ կշռաքար` ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում` ի նպաստ Հայաստանի»,- նշել է նա: