Մխիթարյանը կարող է խաղալ աշխարհի ուժեղագուն ակումբներում. Ֆերհեյն

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ Ռայմոնց Ֆերհեյնը, ով այս օրերին գտնվում է Դոնեցկում և մասնակցում է ֆուտբոլային կոնգրեսին, պատասխանել է «Շախտյորի» պաշտոնական կայքի հարցերին։ Նա մասնավորեպս ասել է, որ ամսվա 10 օրն անցկացնում է «Բանանցում», 10-ը՝ հավաքականում, իսկ մյուս օրերին հասցնում է նաև մասնակցել բազմաթիվ միջոցառումների տարբեր երկրներում՝ կարդալով դասախոսություններ։

Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հարցին նա ասել է․ «Այո՛, նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել։ Նա արդեն հիմա կարող է հանդես գալ աշխարհի ուժեղագույն թիմերում և լիգաներում։ Սակայն ես հասկանում եմ, որ «Շախտյորը» ցանկանում է պահել նրան, թերևս, ես էլ նույն կերպ վարվեի, եթե լինեի թիմի մարզիչը։ Հատկապես, որ «Շախտյորը» խնդիր է դնում դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ, իսկ Մխիթարյանն այդ գործում կօգնի թիմին», – ասել է Ֆերհեյնը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին և 11-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Մալթայի և Բուլղարիայի հավաքականների հետ։

Մարզական գործընկեր SportArmenia.com