Արազ Օզբիլիս. Վարդան Մինասյանը խորհուրդ տվեց տեղափոխվել Կուբան

Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով այս ամռանը տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան», իր տրանսֆերի մասին պատմել է  yuga.ru կայքի թղթակցին, ինչպես նաև` կիսվել ընթացիկ մրցաշրջանում իր սպասիլքներով:

Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

Արազ, 14 տարի Դուք հանդես եք եկել Ամստերդամի «Այաքսում» և պարբերաբար մասնակցում էիք եվրագավթների: Ի՞նչն առիթ հանդիսացավ, որ ընդունեցիք Կրասնոդարի թիմի առաջարկը, որը նոր է սկսում իր ճանապարհը դեպի տիտղոսներ:

-«Այաքսում» հանդես գալիս ես շատ էի լսել «Կուբանի» մասին, նրա նպատակասլացության: Վստահ եմ, որ այստեղ ես կաճեմ ու կկատարելագործվեմ որպես ֆուտբոլիստ, կբարելավեմ իմ խաղային որակները:

Այլ ակումբներից առաջարկներ կայի՞ն:

-Այո, այն էլ` ոչ մեկը: «Այաքսի» ղեկավարությունը ցանկանում էր, որպեսզի ես այլ ակումբ տեղափոխվեմ, սակայն վարձակալությամբ: Կային տարբերակներ ինչպես Հոլանդիայից, այնպես էլ` եվրոպական այլ առաջնություններից: Կոնկրետ ակումբների անուններ չեմ տա, քանի որ դա փակ ինֆորմացիա է: Բացի այդ, հիմա ես արդեն «Կուբանի» ֆուտբոլիստ եմ և չարժե խոսել անցյալի մասին:

Ձեր տեղափոխության մասին խորհրդակցե՞լ եք ինչ-որ մեկի հետ:

-Մի շարք մարդկանց հետ եմ խորհրդակցել, ովքեր ինձ մատնանշել են թե առավելությունները, թե թերությունները: Առաջին հերթին ես առաջնորդվել եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խորհրդով: Նա ինձ պատմել է, թե որքան ուժեղ է այս պահին Ռուսաստանի առաջնությունը ու թե որքան բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս տարբեր ռուսական ակումբներում: Մինասյանն ասաց, որ «Կուբան» տեղափոխվելով ես միանշանակ կշահեմ:

Ակումբի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ես իմացա Հայաստանի հավաքականի իմ խաղընկերներ Մարկոս Պիզելիից և Յուրա Մովսիսյանից: Երկուսն էլ պնդեցին, որ այստեղ գալով ես ավելի շատ կշահեմ, քան թե` կկորցնեմ: Հաշվի առնելով, որ Պիզելիի հետ նույն ակումբում եմ հիմա խաղում` Կրասնոդարում շփման առումով խնդիրներ հաստատ չեմ ունենա:

«Այաքսում» ելույթ ունենալիս ի՞նչ գիտեիք ռուսական ֆուտբոլի և մասնավորապես առաջնության մասին:

-Հոլանդիայում խաղալիս ես հետաքրքրվում էի, թե ինչ է կատարվում եվրոպական այլ առաջնություններում: Կարծում եմ` ցանկացած պրոֆեսիոնալ այդպես է վարվում: Ես մի շարք ռուսական ակումբների էի ծանոթ, դրանցից շատերը կարող էին եվրագավաթներում «Այաքսի» մրցակիցը լինել, այդ իսկ պատճառով մենք պետք է իմանայինք նրանց ուժեղ և թույլ կողմերը:

Բացի այդ, 2010/11 մրցաշրջանում «Այաքսի» կազմում ես խաղացել եմ «Սպարտակի» դեմ: Հիշում եմ, որ Մոսկվայում բավականին ցուրտ էր, միգուցե այդ պատճառով պարտվեցինք:

-«Կուբանում» Ձեր երկու մեկնարկային խաղերում տարբեր դիրքերում հանդես եկաք` աջ կիսապաշտպան և հարձակվողական ոճի կիսապաշտպան: Ո՞ր դիրքում եք Ձեզ ավելի լավ զգում:

-Ինձ համար մեծ տարբերություն չկա: Բացի այդ, Ձեր նշած դիրքերը մոտ են ու շատ նման` երկու դեպքում էլ խաղացողը կենտրոնացած է հարձակման վրա ու հաճախ կարող է ներխուժել հարևան գոտի, եթե խաղն այդպես է թելադրում: Ինձ համար ավելի կարևոր է կատարել մարզչի հանձնարարականը:

Հայտնի է, որ «Այաքսի» երիտասարդական թիմում հանդես գալիս Դուք երկու լուրջ վնասվածք էիք ստացել, դրանք դեռ զգացնել տալի՞ս են:

-Ոչ, հին վնասվածքներն իրենց մասին չեն հիշեցնում: Ուզում եմ ընդգծել, որ դրանց շնորհիվ ես ավելի ուժեղ դարձա: Շատ ֆուտբոլիստներ, այսքան երիտասարդ տարիքում նման վնասվածք ստանալով, հազվադեպ են շարունակում կարիերան: Իսկ ինձ վնասվածքները միայն ավելի ուժեղ դարձրին:

Ձեր դիրքի խաղացողները երկու մասի են բաժանվում. նրանք ովքեր գոլային պահին նախընտրում են փոխանցում կատարել և նրանք, ովքեր միտված են դեպի դարպասը ու սովոր են ինքնուրույն եզրափակել գրոհը: Ո՞ր շարքին եք Դուք դասվում:

-Ձեր ենթադրյալ կիսապաշտպաններից որևէ մեկի շարքին ես ինձ դասել չեմ կարող: Ես սովոր եմ խաղադաշտում գործել այնպես, ինչպես այդ պահին պահանջում է տվյալ դրվագը ու աշխատում եմ խաղալ թիմին օգտակար լինելու համար: Եթե թիմակիցս ավելի նպատակահարմար դիրքում լինի, անպայման կփոխանցեմ:

Ընթացիկ մրցաշրջանում Ձեր առջև կոնկրետ նպատակ դրե՞լ եք:

-Այո, իհարկե: Ուզում եմ հնարավորինս շատ դուրս գամ խաղադաշտ ու ամենաքիչը 10 գոլ խփեմ Ռուսաստանի առաջնությունում:

 Մարզական գործընկեր SportArmenia.com

Նկարը՝ Էմիլ Դոկտորյանի