Հենրիխ Մխիթարյան. Պարտավոր ենք ավելի շատ աշխատել

Ուկրաինական կլասիկոյում Կիևի «Դինամոյին» հաղթելուց (3:1) հետո Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» պաշտոնական կայքի լրագրողի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

-Հենրիխ, համաձա՞յն ես, որ այս պարտությունից հետո «Դինամոյում» պետք է ընդունեն, որ այսօր նրանք «Շախտյորից» թույլ են:

-Դեռ ամբողջ առաջնությունն առջևում է: Պետք չէ նման բան ասել: Մենք պարտավոր ենք ավելի շատ աշխատել, բարելավել մեր խաղն ու հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Արդեն «Զարյայի» հետ խաղից հետո պետք է հանդիպենք «Նորդշելանդին»: Մեզնից սպասելիքները շատ են: Պետք է ամեն ինչ անենք հաջող ելույթ ունենալու և հաղթելու համար:

-Կարելի՞ է այս խաղը Չեմպիոնների լիգայից առաջ լավ փորձ համարել:

Խաղի տեմպը, լարվածությունն ու մթնոլորտն անգամ գերազանցում էին Չեմպիոնների լիգայի որոշ հանդիպումներին: Շատ հաճելի է մասնակցել նման մրցավեճերի, քանի որ անգնահատելի փորձ ես ձեռք բերում: Եթե նման հանդիպումները շատ լինեն, դա միայն կնպաստի ֆուտբոլիստների զարգացմանը: Բացի այդ, երկրպագուները միշտ անհամբերությամբ են սպասում այս կարգի խաղերին:

-«Շախտյորը» շատ լավ սկսեց հանդիպումը, դու էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեիր: Ինչի՞ շնորհիվ «Դինամոն» կարողացավ խաղը փոքր-ինչ հեռացնել սեփական դարպասից:

-Նրանք տեսան, որ մենք շատ լավ ենք գնդակը պահում և կարող ենք դա անել 90 րոպե: Ընդմիջումից հետո անհրաժեշտ էր գոլ խփել. 1:1 հաշվի ժամանակ այլ բան չէր մնում: Փառք Աստծո, որ նման թիմ ունենք, շնորակալություն Կուչերին և բոլոր տղաներին, որ կարողացանք հաղթել և 6 միավորով առաջ պոկվել:

Մեկնաբանել